211652_close_icon
views-count991 դիտում article-date 13:34 20-10-2015

Բրյուսելում կայացավ «Հայաստանի և Բելգիայի միջև համագործակցության հնարավորությունները» խորագրով գործարար համաժողով

Հոկտեմբերի 19-ին Եվրոպայում հայկական տեղեկատվական և հեռահաղորդակցության արշավի շրջանակներում Բրյուսելում կայացավ «Հայաստանի և Բելգիայի միջև համագործակցության հնարավորությունները» խորագրով գործարար համաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Բելգիայում ՀՀ դեսպանության և առևտրական կցորդի, Վալոնիայի արտահանման և ներդրումների գործակալության, Ագորիա բիզնես ակումբի, Ֆլամանդրիայի ներդրումների և առևտրի գործակալության, ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի կողմից` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցաբար: Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը: Ողջունելով Եվրոպայում հայկական տեղեկատվական և հեռահաղորդակցության արշավի նախաձեռնողներին` դեսպանն իր խոսքում, մասնավորապես, ասաց. «Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը Հայաստանի տնտեսության արագ զարգացող ճյուղերից մեկն է: Անկախությունից ի վեր մեր ձգտումն է եղել ձևավորել ժամանակակից գիտության վրա հիմնված տնտեսություն` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գիտատար ոլորտները, ինչպես նաև` որակյալ աշխատուժը, ավանդաբար հանդիսացել են Հայաստանի տնտեսական բարեկեցության հիմքը, և այն, որ Հայաստանը ոչ առանց հիմքի կոչել են Խորհրդային Միության «Սիլիկոնային հովիտ»: Համաժողովի մասնակիցներին ողջունեցին Վալոնիայի արտահանման և ներդրումների գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Շանտալ Դե Բլուն, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ»-ի հիմնադիր Վահան Շաքարյանը: Միջոցառման ընթացքում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության կողմից ներկայացվեցին Հայաստանի, իսկ բելգիական Ագորիա բիզնես ակումբի ու Վալոնիայի «Աժանս դու Նումերիք» ընկերության կողմից` Բելգիայի տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի զարգացման առանձնահատկությունները և միտումները, ինչը բացառիկ հնարավորություն ստեղծեց հայկական ընկերությունների համար` տեղում ծանոթանալու և գործընկերության հեռանկարային ծրագրեր քննարկելու ոլորտի պատասխանատուների հետ: Եվրոպական միության ՓՄՁ գործադիր գործակալության կողմից ներկայացվեցին Ձեռնարկությունների եվրոպական ցանցը և COSME ծրագիրը, որոնք հնարավորություն են ընձեռում հայկական ընկերություններին` ստանալու ֆինանսական և խորհրդատվական աջակցություն` ՓՄՁ ոլորտում գործունեություն ծավալելու և համապատասխան ծրագրեր իրականացնելու համար: Համաժողովին քննարկվեցին Հայաստանում և Բելգիայում ՏՀՏ ոլորտի առկա ձեռքբերումները, ՏՏ ոլորտում հայ-բելգիական համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները, իրականացվեց փորձի փոխանակում: Միջոցառման ավարտին հանդիպումներ կայացան Հայաստանը և Բելգիան ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչների միջև, որին հաջորդեց ՏՀՏ արշավի մասնակիցների և հյուրերի պատվին տրված ընդունելություն:

Նմանատիպ նյութեր