1383 դիտում
22:46 16-10-2015
Երևանի օրվա շրջանակում սահմանամերձ գոտիներում ծառայող շուրջ 1400 ժամկետային զինծառայողների ծնողներ մեկնել են տեսակցելու իրենց որդիներին
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում կյանքի կոչված սոցիալական բաղադրիչի ծրագրերից մեկն էլ սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողներին իրենց որդիներին տեսակցելու հնարավորության ընձեռումն էր: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ Տավուշի, Սյունիքի մարզերի և ՀՀ հարավարևելյան սահմանամերձ տարածքների զորամասեր են ուղևորվում շուրջ 1400 ժամկետային զինծառայողների ծնողներ: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ է մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով անձամբ շրջել ու զրուցել է ծնողների հետ: Շնորհավորելով բնակիչներին Երևանի օրվա առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ տոնի շրջանակում իրականացվող սոցիալական բոլոր ծրագրերը լինելու են շարունակական:
«Այսօր մեր հերթական, արդեն ավանդական դարձած ծրագիրն ենք իրականացնում, որը Երևանի քաղաքապետարանի և սահմանամերձ գոտիներում տեղակայված զորամասերի միջև համագործակցության բազմաթիվ ծրագրերից մեկն է:
Այս տարի համընկավ մեր քաղաքի ծննդյան օրվա հետ և այն ներառեցինք «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումների շրջանակում: Պաշտպանության նախարարության հետ իրականացվող այս ծրագիրը, համոզված եմ, սոցիալական կարևոր նշանակություն ունի մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորների ընտանիքների համար:
Արդեն մի քանի տարի է, որ երևանաբնակ զինծառայողների ծնողները տարեկան, առնվազն, երկու անգամ հնարավորություն ունեն լինելու սահմանամերձ զորամասերում և տեղում ծանոթանալու իրենց զավակների ծառայության պայմաններին: Բացի սոցիալականից, սա նաև կարևոր նշանակություն ունի այն առումով, որ մեր զինվորը հստակ տեսնում է, որ հայրենիքը, հարազատ քաղաքը, որի պաշտպանության համար ծառայում է, իր հետ է, իր կողքին ու, բնականաբար, սա ոգևորում է նրանց, քաջալերում ու նպաստում ավելի լավ ծառայելուն»,- ընդգծել է քաղաքապետը:
«Այսօր շուրջ 1400 ծնող է մեկնում զորամասեր, ընդ որում, գրեթե ամեն այցելության ժամանակ լինում են ծնողներ, ովքեր երկրորդ, նույնիսկ երրորդ անգամ են այցելում զորամաս: Իրենց զավակին տեսնելու ցանկություն հայտնած որևէ ծնող չի մերժվել և հնարավորություն ունի մեկնելու: Ամեն անգամ մենք նաև նախապես ճշտված անհրաժեշտ տեխնիկա կամ այլ գույք ենք ուղարկում զորամասեր: Ուզում եմ կրկին վստահեցնել, որ ինչպես այս, այնպես էլ պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացվող ու, ընդհանրապես, մեր մյուս այլ ծրագրերը, որոնք ուղղված են մեր բանակի պաշտպանունակության բարձրացմանը, մեր զինվորներին և նրանց ընտանիքներին աջակցելուն՝ լինելու են շարունակական և, անհրաժեշտության դեպքում, ավելի են ընդլայնվելու»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Կարևորելով սոցիալական նշանակություն ունեցող այս նախաձեռնությունը, ժամկետային զինծառայողների ծնողները շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ցուցաբերվող վերաբերմունքի ու մշտական ուշադրության համար, ընդգծելով, որ Երևանի օրը տոնական դարձավ ոչ միայն մայրաքաղաքի բնակիչների, այլև սահմանները պաշտպանող իրենց որդիների համար:
Այս անգամ ևս ճանապարհի երկայնքով ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսները կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները, իսկ ավտոբուսներում ուղեկցողների կազմում կլինեն բժիշկներ:
Նմանատիպ նյութեր
4945 դիտում
11:10 28-04-2018
Սահմանամերձ գոտիներում ծառայող ժամկետային զինծառայողների շուրջ 1700 ծնողներ մեկնել են տեսակցելու իրենց որդիներին
1051 դիտում
17:00 19-10-2015
Շուրջ 1400 ծնողներ հանդիպել են սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակների հետ
Այս բաժնից
790 դիտում
22:38 27-12-2024
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԿԲ հանդիսավոր ընդունելությանը
1939 դիտում
22:25 27-12-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
967 դիտում
21:36 27-12-2024
Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր