211652_close_icon
views-count1065 դիտում article-date 20:30 15-10-2015

Երևանի քաղաքապետարանի և Դոնի Ռոստովի վարչակազմի միջև ստորագրվել է համագործակցության ծրագիր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՌԴ Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գորբանը քաղաքապետարանի ճեմասրահում ստորագրել են 2015-2020թթ. առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության ծրագիր: Ըստ այդմ` կողմերը պարտավորվել են ամրապնդել և զարգացնել բարեկամական հարաբերությունները երկու քաղաքների միջև: Ստորագրված համաձայնագրով համագործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության կառավարման, սոցիալական, առողջապահական, մշակութային, կրթական, սպորտի և երիտասարդական հարցերի, տնտեսական կապերի հաստատման ու զարգացման, ինչպես նաև քաղաքային տրանսպորտի կառավարման ուղղությամբ: Փոխայցելությունների շրջանակում էլ կողմերի միջև կիրականացվեն փորձի և տեղեկատվության փոխանակումներ: Կարևորելով համագործակցության ծրագրի ստորագրումը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գորբանը համոզմունք են հայտնել, որ այն նոր սկիզբ կդնի երկկողմ փոխգործակցությանն ու էլ ավելի կսերտացնի երկու ժողովուրդների միջև առկա բարեկամությունը: Կողմերը նաև ընդգծել են, որ ստորագրված համաձայնագրով հնարավորություն կստեղծվի ընդլայնել համագործակցության շրջանակները, ինչն իր հերթին օգտակար կլինի նաև երկու քաղաքների բնակիչների համար: «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ունի ավելի քան 200 տարվա պատմություն, որն այսօր էլ ամուր հիմքերի վրա է: Դոնի Ռոստովում այսօր շուրջ 140 հազարանոց հայ համայնք է ապրում, որն իր կարևոր դերակատարումն ունի քաղաքի զարգացման գործում: Ստորագրված համագործակցության ծրագրով, վստահ եմ, մենք նոր թափ կհաղորդենք երկուստեք հարաբերություններին՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացնելով փոխշահավետ ծրագրեր: Մեզ համար սա պարզապես համագործակցության ծրագիր չէ, այլ ևս մեկ քայլ է` ուղղված երկու քաղաքների բարեկամությունն էլ ավելի ամրապնդելուն ու փոխգործակցությունը գործնական նոր փուլ տեղափոխելուն: Մենք անպայման կունենանք փոխայցելություններ, որոնց շրջանակում էլ կիրականացնենք փորձի փոխանակմանն ուղղված ծրագրեր»,- նշել է Սերգեյ Գորբանը: Երկուստեք հարաբերություններում առանձնակի կարևորելով Դոնի Ռոստովի հայ համայնքի դերակատարումը՝ Երևանի քաղաքապետն էլ նկատել է, որ նաև նրանց գործուն աջակցությամբ փոխգործակցությունը կլինի արդյունավետ և հաջողված: «Ընդհանրապես մենք կարևորում ենք մեր գործընկեր քաղաքների հետ կապերի ընդլայնումն ու նոր ոլորտների ներգրավումը: Բարեկամ քաղաքների հետ մեր հարաբերություններում առանձնակի կարևոր տեղ է զբաղեցնում համագործակցությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Դոնի Ռոստովը Ռուսաստանի Դաշնության ամենահայաշատ քաղաքներից է, որտեղ մեր հայրենակիցների ներկայությունը պատմական լուրջ արմատներ ունի: Այսօր էլ հայկական համայնքն այնտեղ մեծ հեղինակություն է վայելում ինչպես Դոնի Ռոստովի քաղաքական, այնպես էլ տնտեսական կյանքում: Ես համոզված եմ, որ նաև Դոնի Ռոստովի մեր հայրենակիցների գործուն ներգրավվածությամբ կաշխուժացնենք գործարար մեր կապերն ու նաև ներդրումային ծրագրեր կիրականացնենք: Ինչպես բազմիցս ասել եմ, մենք բաց ենք և պատրաստակամ՝ կյանքի կոչելու ցանկացած ծրագիր, որը կնպաստի մեր քաղաքի զարգացմանն ու մեր բնակչության բարեկեցությանը: Եվ այսօր ստորագրված համագործակցության ծրագիրը ևս ուղղված է հենց դրան»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր