211652_close_icon
views-count976 դիտում article-date 11:29 09-10-2015

Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի պատվիրակության անդամների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան այցելած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և նկատել է, որ այս այցը ոչ միայն երկու քաղաքների գործընկերային սերտ փոխգործակցության, այլև բարեկամական ջերմ հարաբերությունների խոսուն վկայությունն է: «Երկու քաղաքների միջև ստորագրված համագործակցության նոր՝ 2015-2020 թթ. ծրագիրը մեկ անգամ ևս փաստում է, որ մեր գործընկերային հարաբերություններն իսկապես արդյունավետ են, հաջողված ու հեռանկարային: Վստահ եմ, որ փոխգործակցության այս նոր փուլը հնարավորություն կտա ընդլայնելու գործակցության շրջանակներն ու իրականացնելու իսկապես փոխշահավետ համագործակցություն՝ ի բարօրություն երկու քաղաքների բնակիչների: Համոզված եմ նաև, որ մեր այս հանդիպումը ևս գործնական նոր որակ կհաղորդի Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը», - ընդգծել է քաղաքապետը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և փոխանցելով նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ջերմագին ողջույնները` Օլգա Կազանսկայան նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի օրվա առթիվ՝ նկատելով, որ Երևանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն և վստահելի գործընկեր է: «Համագործակցության նոր ծրագիրն իսկապես նոր հնարավորություն է՝ գտնելու համատեղ լուծումներ քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման ու առկա խնդիրների լուծման առումով: Այս հարցում, անշուշտ, իր կարևոր դերակատարումն ունի մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և, իհարկե, երկու քաղաքների միջև հաստատված փոխգործակցության ծրագրի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ Ձեր հետևողականությունը, պարոն քաղաքապետ, որը հնարավորություն է տալիս այն դարձնել առավել առարկայական ու շոշափելի: Երևանի օրվան նվիրված տոնակատարությունն արդեն մեզ համար դարձել է հոգեհարազատ, և համոզված եմ, որ այս անգամ ևս հրաշալի տպավորություններով ենք վերադառնալու Սանկտ Պետերբուրգ», - նշել է Օլգա Կազանսկայան: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր