1146 դիտում
16:03 05-10-2015
«Հանդիսավոր պոեմով» մեկնարկեց երաժշտական տոնը՝ Խաչատրյանի անվան փառատոնը
Հոկտեմբերի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկել է Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը։ Բացման հանդիսավոր արարողության ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչում էր խաչատրյանական երաժշտություն՝ «Հանդիսավոր պոեմ», Սիմֆոնիա թիվ 2՝ «Զանգով սիմֆոնիա»:
Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի է կոչել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ի աջակցությամբ։ Փառատոնը հովանավորել են «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ» ընկերությունը, «Ջերմուկ գրուպը» և «Անի պլազան»։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի տեղեկացմամբ՝ բազմաթիվ հայտնի երաժիշտներ կհյուրընկալվեն Երևանում՝ մասնակցելու հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող փառատոնին. «Խաչատրյանի անունն օգնում է մեզ, որպեսզի աշխարհում հպարտորեն ասենք, որ մենք ունենք արվեստ, ունենք հերոսներ, ովքեր մշակույթ են փոխել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում։ Արամ Խաչատրյանը համամարդկային արժեք է: Նվագախմբի համար մեծ ձեռքբերում է այն, որ մենք առաջինն էինք, որ ցանկություն հայտնեցինք Հայաստանում անցկացնել Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոն»: Մաեստրո Սմբատյանն ընդգծեց նաև, որ Երիտասարդական նվագախումբը փառատոնի շրջանակներում ներգրավել է հայաստանյան այլ կոլեկտիվների նույնպես։
Մասնավորապես հանդես կգան «Արս լունգա» դուետը, Արամ Խաչատրյանի անվան տրիոն, «Հովեր» պետական կամերային երգչախմբի սեպտետը և այլն: Կներկայացվեն «Գայանե» և «Սպարտակ» բալետները։
«Կյանքիս մեծագույն սերը, Հայրենիք» խորագրով անցկացվող փառատոնը (ի դեպ, սրանք Խաչատրյանի խոսքերն են) ունկնդրին է առաջարկում հետաքրքիր, հագեցած երաժշտական երկու ամիսներ՝ հստակ ձևաչափով. ամեն չորեքշաբթի՝ կամերային, իսկ ամեն շաբաթ օր՝ սիմֆոնիկ համերգներ։
Կհնչեն համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ, Երևանը կհյուրընկալի մեծանուն երաժիշտների՝ ջութակահարներ Չադ Հուփս (ԱՄՆ), Ալեքսանդրա Սոում (Ֆրանսիա), Զոհրաբ Թադևոսյան (Իսպանիա), դաշնակահարներ Ալեքսանդր Ռոմանովսկի (Իտալիա/Ուկրաինա), Աննա Վինիցկայա (Ռուսաստան), թավջութակահարներ Սուրեն Բագրատունի (ԱՄՆ), Միքայել Հախնազարյան (Հայաստան), հանրահայտ շեփորահար Սերգեյ Նակարյակով (Իսրայել/Ռուսաստան), դիրիժորներ Ջանլուկա Մարչիանո (Իտալիա), Վահագն Պապյան (Իսրայել) և Միրան Վոպոտիչ (Խորվաթիա):
Խաչատրյանի անվան փառատոնը ներառում է երկու համերգային ծրագիր դպրոցականների համար. Չայկովսկու անվան դպրոցի աշակերտներն իրենց հասակակիցների համար կհնչեցնեն հատվածներ Ա. Խաչատրյանի Մանկական ալբոմներից:
Եվ ամենասպասված նախագիծը, որ արդեն իսկ մեծ արձագանք է գտել հանրության շրջանում. փառատոնի փակմանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ համատեղ կներկայացնի նորարարական մի ծրագիր. առաջին անգամ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կհնչեն ջազային մշակմամբ:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հնարավորություն է տալիս այս ամենին հետևել աշխարհի ցանկացած ծայրից՝ առցանց SYOA TV-ի միջոցով։
[b]Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ
[/b]
Նմանատիպ նյութեր
4984 դիտում
19:56 03-07-2018
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկեց «Արմենիա» սիմֆոնիկ պոեմով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6847 դիտում
23:38 07-10-2016
ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 4-րդ միջազգային երաժշտական փառատոնը
1038 դիտում
11:43 13-08-2022
Մեկնարկեց «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը
Այս բաժնից
1078 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն
649 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
937 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը