211652_close_icon
views-count1187 դիտում article-date 13:38 02-10-2015

ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Վարշավայում. ֆոտոռեպորտաժ

Սեպտեմբերի 30-ին Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանի համերգասրահում Լեհաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր տոնական համերգ և ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին: Միջոցառմանը, որին ներկա էին շուրջ 350 հյուրեր, մասնակցում էին Լեհաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ, նախարար Վոյչե Կոլարսկին, Լեհաստանի Սենատի անդամ, Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչը, Հայաստանի և Լեհաստանի փոխարտգործնախարարներ Կարեն Նազարյանը և Արթուր Նովակ-Ֆարը, Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար, հայ- լեհական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Գրաժինա Հենսլևսկան, Լեհաստանի Սեյմի և Սենատի պատգամավորներ, Վարշավայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների մոտ երեք տասնյակ ղեկավարներ, դիվանագետներ, քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների համայնքային խորհուրդների ներկայացուցիչներ, լեհ քաղաքական, հասարակական, կրթամշակութային և գործարար շրջանակների, ինչպես նաև Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: 2015 թվականը բնութագրելով որպես համայն հայության համար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման չափազանց կարևոր տարի` դեսպան Ղազարյանը համոզմունք հայտնեց, որ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարներն, իբրև մարդկային դաժանության և ցեղասպանության թանգարաններ, պահող երկրում շատ լավ են հասկանում հայ ժողովրդի վիշտն ու պահանջն, ինչի վառ ապացույցն էր 2005թ. Լեհաստանի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: Դեսպանը խորհրդանշական համարեց ՀՀ Անկախության տարեդարձին նվիրված միջոցառման անցկացումը բարեկամ երկրի նշանավոր թանգարաններից մեկում, որտեղ այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի նորընտիր նախագահ Անջեյ Դուդային «Սպիտակ Արծիվ» բարձրագույն պարգևի հանձնման հանդիսավոր արարողությունը, և որտեղ մշտական ցուցադրության է ներկայացված ղարաբաղյան գորգերի մի մեծ հավաքածու: Անդրադառնալով Լեհաստանում հարյուրամյակներով ապրող հայերին` հատուկ գոհունակությամբ նշվեց, որ լեհերի` հայության նկատմամբ ի սկզբանե ունեցած ջերմ ու բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ հայերը և այժմ էլ նրանց զավակները շարունակում են իրենց արժանավոր հետքը թողնել Լեհաստանի հասարակական–քաղաքական կյանքի զարգացման գործում: Էդգար Ղազարյանը հատուկ շնորհակալություն հայտնեց վաստակավոր կոլեկտիվ Երևանի Կոմիտասի անվան լարային քառյակին՝ վերջինիս կազմավորման 90-ամյա հոբելյանի, Լեհաստանում ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում իրենց մասնակցության և համերգի համար: Միջոցառմանը համերգային ծրագրով հանդես եկավ պետական մրցանակի դափնեկիր, վաստակավոր կոլեկտիվ Երևանի Կոմիտասի անվան լարային քառյակը՝ պրոֆեսոր Էդվարդ Թադևոսյանի գլխավորությամբ, ովքեր ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Վարշավայում մասնակցում են Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված համերգին և ընդունելությանը: Հայ երաժիշտների կատարմամբ ներկաներն ունկնդրեցին Կոմիտասի, Միրզոյանի, Մոցարտի, Շումենի և Չայկովսկու ստեղծագործությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր