211652_close_icon
views-count1342 դիտում article-date 19:00 30-09-2015

Ինչպես բաժանել հասարակությունը երեք անհավասար և համերաշխ մասերի

Կաշառակերության ավանդույթները թույլ չեն տալիս պատկերացնել անգամ, թե ինչ կլինի կոռուպցիան վերացնելուց հետո: Օրինակ՝ ինչպես կարելի է համայնքային իշխանություններին առնչվող հարց լուծել, ինչպես կարելի է հեղինակավոր բուհ ընդունվել, ինչպես կարելի է սեփական տուն կառուցել առանց կաշառքի:

Կաշառք տալն ու վերցնելը դարձել է սովորական գործառույթ: Տվողների համար այն բանալի է, իսկ վերցնողների համար՝ գործունեության խթան: Պաշտոնի ձգտողների մեծ մասը ձգտում է կոռուպցիոն լծակի տիրանալ: Այսինքն, մարդը պաշտոն է ուզում ոչ թե հասարակությանը ծառայելու համար, այլ պաշտոնական լիազորություններն իր գրպանին, մերձավորներին ծառայեցնելու համար:

Հասարակությանը ծառայելը համարվում է քող, որով քողակվում են իրական գործունեությունն ու ձգտումները: Իսկ օրենքը դառնում է կոռուպցիոն մեխանիզմներն աշխատացնելու գործիք, ոչ թե ոլորտները կարգավորող նորմ: Եթե չինովնիկը կաշառք է վերցնում կամ ընդառաջում է իր ծանոթին, խնամուն, բարեկամին, ապա դա անում է այնպես, կարծես լավ բան է անում, կարծես ճիշտ, օրինակելի, շնորհակալ գործ է անում:

Ծառայակիցներն ու հարազատները դրական են գնահատում այդ մոտեցումը, և կաշառակերն իր աչքին բարձրանում է: Իսկ եթե նույն գործն անում է առանց կաշառքի և անծանոթ մարդու համար, ապա ծառայակիցներն ու հարազատները ծիծաղում են նրա վրա կամ առնվազն զարմանք արտահայտում, թե ինչու է նա առանց կաշառքի կամ անծանոթ մարդու համար գործ արել:

Այդ վերաբերմունքի ազդեցության տակ կաշառակերն ինքն իր աչքին ընկնում է, և մեջը վախ է մտնում, որ կարող է կորցնել պաշտոնը, աշխատանքը, եկամտի աղբյուրը: Այդ վախը ստիպում է նրան պահպանել կաշառակերության ավանդույթները և անծանոթ մարդու համար առանց կաշառքի ոչինչ չանել:

Այսպիսով, կաշառակերության և կոռուպցիայի ավանդույթների պահպանման հիմքերից մեկը նախապաշարմունքն է, թե կաշառք վերցնելը ճիշտ է, իսկ առանց կաշառքի կարելի է վերաբերվել միայն մերձավորներին և հզորներին:

Ըստ այդ նախապաշարմունքի, մարդիկ բաժանվում են երեք հիմնական խմբի: Մի խմբում ներգրավված մարդկանցից պարտադիր պիտի կաշառք վերցնել: Դրանք անծանոթ, հասարակական բարձր դիրք չունեցող, վճարունակ մարդիկ են: Երկրոդ խմբում ներգրավված են չինովնիկները, նրանց հարազատները, ինչպես նաև բարձր դիրք ու հեղինակություն ունեցողները, իսկ երրորդ խմբում նրանք են, որոնք ոչ ծանոթ են, ոչ էլ ի վիճակի են կաշառք տալ: Այս վերջին խմբի մարդիկ իրենց խնդիրները լուծելու համար ստիպված փորձում են միջորդներ գտնել երկրորդ խմբի մարդկանց շրջանում, այսինքն՝ ծանոթ գտնել, որի միջնորդությամբ լուծեն իրենց խնդիրները:

Այսպիսով, կոռուպցիան այնքան է արմատացել, որ թվում է, թե միշտ այդպես է եղել ու միշտ այդպես է լինելու: Իրականում կոռուպցիա լինում է այն երկրներում, որտեղ չինովնիկներն իրենց վեր են դասում հասարակությունից և օրենքից, իսկ կյանքի միակ իմաստը նյութն է:

Թաթուլ  Մկրտչյան

Նմանատիպ նյութեր