Տարոն Մարգարյան. «Պետք է բացառել հանրային տրանսպորտի վարորդների կողմից ծխելը և հեռախոսով խոսելը»
Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 23 վարչական արձանագրություն:
Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում հայտարարված անվտանգ երթևեկության միամսյակի շրջանակներում շարունակվում է ուժեղացված հսկողությունը կրթական հաստատություններին հարակից տարածքներում:
Անդրադառնալով ՃՈ հետ համատեղ իրականացվող անվտանգ երթևեկության միամսյակին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել մշտական հսկողության տակ պահել սույն հարցը, բացի այդ նաև հետևողական աշխատանքներ տանել հասարակական տրանսպորտով տեղաշարժվելու անվտանգության ապահովման ուղղությամբ:
«Ձեր ուշադրությունը պետք է հրավիրեմ այնպիսի արատավոր երևույթների վրա, ինչպիսիք են վարելու ընթացքում հանրային տրանսպորտում ծխելը և հեռախոսով խոսելը: Համոզված եմ կարիք չկա լրացուցիչ անգամ ասելու, թե այս վտանգավոր երևույթները որքանով են սպառնում է մեր համաքաղաքացիների ապահով երթևեկությանը: Ուստի պետք է այդ ուղղությամբ հստակ և նպատակային աշխատանքներ տանել՝ դրանքէ մեզանում բացառելու համար:
Այս հարցում ակնկալում եմ սերտ համագործակցություն ինչպես Ճանապարհային ոստիկանության, այնպես էլ ոլորտի խնդիրներով մտահոգ հասարակական կազմակերպությունների և ակտիվ քաղաքացիների հետ: Համոզված եմ, որ այս ուղղությամբ համատեղ ջանքերով տարված պայքարը կտա ցանկալի արդյունք», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ հանրային տրանսպորտի ոլորտի հետ կապված բոլոր հարցերը մշտապես լինելու են քաղաքային իշխանության օրակարգում: