1893 դիտում
19:46 27-09-2015
Թող Սուրբ Էջմիածնի Մյուռոնի հավերժական լույսը միշտ դրոշմվի մեր ժողովրդի զավակաց հոգիներին, որպեսզի մշտապես նորոգեն իրենց ուխտը առ Աստված. Գարեգին 2-րդ
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հանդիսապետությամբ:
Ներկայացնում ենք Գարեգին Երկրորդի խոսքը Սրբալույս Մյուռոնի օրհնության առթիվ.
«Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Զօրութեամբ ամենասուրբ Հոգւոյդ եղիցի իւղս այս՝ իւղ ցնծութեան, զգեստ լուսաւոր…, սրբութիւն հոգւոց և մարմնոց …, կնիք արդարութեան, զէն հաւատոյ, նահատակ յաղթող ընդդէմ ամենայն գործոց բանսարկուին»:
(Աղոթք սուրբ Մյուռոնի օրհնության):
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Ողորմած Աստծո նախախնամությամբ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարում Մյուռոնի օրհնությամբ հոգևոր մի նոր ուրախություն է հեղվում մեր կյանքին: Տոնական մեծ օր է: Վարագա Սուրբ Խաչի տոնն է՝ նվիրական հիշատակը Հայաստան բերված տերունական Խաչափայտի մասունքի հրաշքով հայտնվելու: Այս մեծասքանչ օրը հոգևոր անհուն ուրախության զգացումներով համայն հայոց հոգևոր կենտրոնում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարեցինք սրբալույս Մյուռոնի օրհնությունը:
Մեր աղոթքը բարձրացրեցինք առ Երկնավոր մեր Հայրը, որ Իր Սուրբ Հոգու շնորհով նյութեղեն այս յուղը վերափոխվի սրբության ու շնորհաբաշխ զորության: Մեր հայրերի օրհնության աղոթքով խնդրեցինք, որ «լինի յուղ ցնծության, զգեստ լուսավոր…, սրբություն հոգիների և մարմինների... կնիք արդարության, զենք հավատքի, հաղթող նահատակ ընդդեմ ամենայն գործոց բանսարկուի»: Խնդրեցինք, որ նրա սրբարար օծումով շարունակվի աստվածային պարգևների հեղումը հավատացյալների հոգիներին, հայոց մեր աշխարհին, համայն մեր ժողովրդի կյանքին:
Սրբալույս Մյուռոնը տեսանելի նշանն է Քրիստոսով օծման, որն ընդունում ենք մկրտության միջոցով՝ իբրև ժառանգակից Փրկչի: Մյուռոնով զգեստավորվում ենք Քրիստոսի սրբությամբ, մաքրվում մեղքից, որպեսզի ապրենք Աստծո արդարությամբ: Մյուռոնը զարթոնք և գարուն է հոգիների, ծաղկում՝ հավատքի, առաքինասեր կյանքի ու բարեպաշտ գործերի, վահան՝ընդդեմ չարի, հաղթանակը, փառքն ու լուսեպսակը հավատացյալների, քանզի Երկնավոր մեր Հայրը Իր Որդու միջոցով, կոչեց մեզ մահվանից կյանքի, մեղքին ծառայությունից շնորհների ազատության և երկնային արքայության ժառանգության:
Աստծո ողորմությամբ այսօր աշխարհի բոլոր կողմերից ազգիս զավակները ուխտավորաբար համախմբվել են Սուրբ Էջմիածնում՝ աղոթակից լինելու սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը: Մեր ժողովրդի հազարավոր զավակների ներկայությունը այստեղ վկայում է մեր կյանքում կարևորությունն ու արժեքը սուրբ Մյուռոնի, որ կնիքն է քրիստոնեական մեր ինքնության ու շաղախը՝ ազգային մեր միասնականության: Մյուռոնում տեսնում ենք նաև մեր ժողովրդի հանդեպ Աստծո հոգածությունն ու խնամքը, Ով Իր փրկության շնորհը տարածեց Արարատի շուրջ սփռված հայոց մեր երկրի ու ազգի վրա:
Մյուռոնի մեջ տեսնում ենք Սուրբ լեռն Արարատ, որի վրա հանգրվանեց Նոյ նահապետի փրկության տապանը, և աղավնու բերած ձիթենու շյուղը դարձավ խորհրդանիշը Աստծո խաղաղության, իսկ ձիթենու յուղը՝ օրհնյալ նյութը սուրբ Մյուռոնի: Մյուռոնի ամեն կաթիլում տեսնում ենք սուրբ Թադեոս առաքյալի ձեռքով Հայաստան բերված մեր Տիրոջ օծության յուղը:
Տեսնում ենք սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի ձեռամբ Արածանիի` Արևելյան Եփրատի ջրերում, երկնքում ծագած տերունական խաչի լուսեղեն նշանի ներքո մկրտությունը հայոց Տրդատ արքայի, արքունիքի ու ժողովրդի: Մյուռոնում պատկերն է տերունաշնորհ Սուրբ Էջմիածնի, պատկերները՝ մյուռոնաօծ մեր վանքերի ու եկեղեցիների, խաչքարերի ու մագաղաթների, պատկերները՝ իրենց կյանքով Մյուռոնի լույսը տարածած մեր սրբերի: Մյուռոնը միախառնում է մեր անցյալն ու ներկան, այո, հավատում ենք, և գալիք բոլոր դարերը, քանզի բոլոր փորձությունների հանդիման մեր ժողովուրդը անխախտ պահեց Մյուռոնի դրոշմը՝ աներկբա վստահությամբ, որ այն «յուղ է ցնծության, զգեստ լուսավոր…, սրբություն հոգիների և մարմինների... կնիք արդարության, զենք հավատքի, հաղթող նահատակ ընդդեմ ամենայն գործոց բանսարկուի»:
Սուրբ Մյուռոնն իր հոգեղեն զորությամբ հավատքի զենք եղավ նաև 100 տարի առաջ Հայոց Ցեղասպանությանը զոհ դարձած մեր ժողովրդի զավակների համար, ովքեր հաղթող նահատակներ եղան՝ պահելով իրենց հավատարմությունն առ Աստված ու առ հայրենին: Եղեռնահար մեր ժողովուրդը մյուռոնադրոշմ հավատքով վերապրեց Ցեղասպանությունը, հաղթեց մահին: 100-ամյա մեր ուղին եղավ վերածննդի ուղի, և այսօր մեր անկախ պետականության հովանու ներքո ազգային զարթոնքի նոր հորիզոններ են լուսավորվում: Մեր նորօրհնյալ կյանքի հուսալերությամբ նորաեփ այս Մյուռոնը՝ օրհնված Ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրական տարում, նաև՝ մեր սրբացյալ նահատակների բարեխոսության հայցով, կոչում ենք ՀԱՂԹՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՌՈՆ՝ հավատով, որ այն հավատացյալների հոգիներին դրոշմելու է մեր սուրբ նահատակների, Տիրոջ բոլոր վկաների և հայրենյաց պաշտպան մեր նախնյաց հոգու արիությունն ու անպարտ ոգին:
Սիրելիներ, արժևորենք մեր Մյուռոնը որպես Մյուռոն սրբացյալ կյանքի, Մյուռոն վերազարթոնքի, որպեսզի հոգևոր նորոգությամբ, մեր արդար կյանքով ու ողորմած գործերով շարունակենք վերելքի մեր ուղին: Արժևորենք մեր Մյուռոնն իբրև շաղախ ազգային միասնականության, որպեսզի կարող լինենք հաղթահարել մեր կյանքի դժվարությունները, փարատել հոգսերն ու նեղությունները: Այսօր, երբ աշխարհը լի է տագնապներով, մարդկային կյանքեր խլող հակամարտություններով՝ հատկապես Մերձավոր Արևելքում, ուր անասելի տառապանք և կորուստներ են կրում նաև մեր ժողովրդի զավակները, երբ խաթարված է անդորրը մեր հայրենիքի սահմաններում, և տակավին արդար վճիռ չի ստացել մեր ժողովրդի իրավունքների ճանաչումը, հրամայական է ամուր միասնականությամբ զորացնել մեր հայրենիքը, որ լինի ապավենը համայն մեր ժողովրդի խաղաղ ու ապահով կյանքի, մեր արդար դատի հաղթանակի և ոգեշնչող ուժը՝ ազգային զարթոնքի:
Սուրբ Էջմիածնից բաշխվող սրբալույս Մյուռոնը թող տարածի սրբությունը և հոգևոր առաքինությունների անուշաբույրը աշխարհում և հանուր մեր ժողովրդի կյանքում, ազգային-եկեղեցական մեր օրհնյալ անդաստաններում, հայ ընտանիքներում, մեր հայրենիքի սահմաններում, հայրենյաց պաշտպան մեր զինվորների, մեր Եկեղեցու բոլոր զավակների սրտերում՝ դառնալով հաղթանակների և բարի գործոց նոր ձեռքբերումների զորություն: Երանաշնորհ մեր Հայրապետներից Սիմեոն Երևանցին Էջմիածնից սփռվող Մյուռոնի մասին ասում է. «Ինչպես արեգակի ճառագայթն է ծանուցում արեգակի գեղեցկությունն ու օգտակարությունը, ինչի շնորհիվ կառավարվում է երկիրը և դալար մնում, ճիշտ այդպես էլ սուրբ Մյուռոնն է միշտ քարոզում Սուրբ Էջմիածնի օգտակարությունն ու գեղեցկությունը: Ահա խորհրդավոր արեգակ Սուրբ Էջմիածինը, որ լուսավորում է ձեր հոգիներն ու մարմինները»:
Թող Սուրբ Էջմիածնի Մյուռոնի հավերժական լույսը միշտ դրոշմվի մեր ժողովրդի զավակաց հոգիներին, որպեսզի մշտապես նորոգեն իրենց ուխտը առ Աստված, ուխտը՝ առ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին ու նվիրական հայրենիքը: Թող աղավնու բերած ձիթենու շյուղով Արարատի փեշերից ազդարարված Աստծո խաղաղությունը ամրացնի արդարության, մարդասիրության ոգին աշխարհում, զորացնի համերաշխությունը և համագործակցությունը մարդկանց և ազգերի:
Այս օրհնաբեր և հոգենորոգ օրը Մենք գոհություն ենք վերառաքում առ Ամենակալն Աստված, որ Մեզ վերստին շնորհը պարգևեց կատարելու Մյուռոնօրհնության սրբազան արարողությունը՝ մասնակցությամբ և աղոթակցությամբ Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ Տիար Սերժ Սարգսյանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո Նախագահ Տիար Բակո Սահակյանի, Մեր հոգևոր եղբորը՝ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ներկայացնող Գերաշնորհ Տ. Մուշեղ և Շահան Արքեպիսկոպոսների, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանի, քույր Եկեղեցիների Գերապատիվ Հովվապետերի և բարձրապատիվ ներկայացուցիչների, ուխտապահ մեր հոգևոր դասի, հայոց պետական ավագանու, դիվանագիտական առաքելությունների ղեկավարների և ներկայացուցիչների և հայրենաբնակ ու Սփյուռքից ժամանած մեր ժողովրդի բազում բարեպաշտ զավակների: Հոգու բերկրությամբ եղբայրական Մեր ողջույնն ենք հղում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին և քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին՝ աղոթքով ու մաղթանքով, որ Տերը միշտ անսասան ու պայծառ պահի Իր Սուրբ Եկեղեցին Ավետարանի կենարար պատգամներով մարդկության կյանքը լուսավորելու և փրկության առաջնորդելու առաքելության մեջ:
Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը խաղաղություն ու ապահովություն պարգևի աշխարհին և Հայաստան ու Արցախ հայրենի մեր երկրին: Եվ թող Տիրոջ Սուրբ Հոգու շնորհներով առատապես օրհնվի մեր ժողովրդի և համայն մարդկության կյանքը:
Շնորհք, սէր և ողորմութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան. ամէն»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
700 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2029 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա