211652_close_icon
views-count2514 դիտում article-date 22:47 20-09-2016

Հայն ունի երկու հավատք՝ Աստված եւ Հայաստան, ու թո՛ղ Աստված եւ Հայաստանը միշտ լինեն մեր արյան մեջ, մեր սրտերում .«Հայոց Արծիվներ»

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը Անկախության տոնի առթիվ. Հայաստանաշե՛ն հայեր, Արարչագործ ու Քրիստոսապաշտ հայ ժողովուրդը 20-րդ դարավերջին հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված եւ կենդանի հերոսների նվիրվածության ու անձնազոհության, ասել է թե՝ հայրենապաշտության շնորհիվ ձեռք բերեց անկախ պետականություն, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք՝ այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը: Դարերի դաժան փորձությունների միջով անցած հայ ազգը վերջապես անդամագրվեց անկախ պետությունների ընտանիքին եւ ի հեճուկս մեր բազում թշնամիների՝ փյունիկի նման կրկին հառնեց մոխիրներից: «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության խորհրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ հայոց փառավոր ազգի մեծագույն տոնի՝ Հայաստանի 3-րդ հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ եւ մաղթում դեպի հավերժություն քայլող հզոր ու անպարտելի Հայաստան, որի հարստությունն իր տաղանդավոր ժողովուրդն է, որի անկոտրում բազուկն արցախյան ծանր մարտերում փառահեղ հաղթանակ տարած հայոց ազգային բանակն է, որի ուժն ու կայունությունը բոլորիս համար գերագույն արժեք դարձած հայոց անկախ պետականությունն է: Փա՜ռք հայոց անկախության համար պայքարի ելած մեր հերոսական ժողովրդին: Փա՜ռք հայոց սահմաններն անառիկ պահող հայոց ազգային անպարտելի բանակին: Խոնարհում հայրենիքի պաշտպանության համար մարտիրոսված հերոսների հիշատակի առջեւ: Հայրենատե՛ր հայեր, Հայն ունի երկու հավատք՝ Աստված եւ Հայաստան, ու թո՛ղ Աստված եւ Հայաստանը միշտ լինեն մեր արյան մեջ, մեր սրտերում եւ ուղեղներում: Աստված պահապան Ձեզ եւ Ձեր ընտանիքներին: Աստված պահապան Հայաստանին, Արցախին եւ Սփյուռքին: Շնորհավոր անկախությունդ, Հայաստա՛ն: Հարգանքով` «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ՝ Խաչիկ Ասրյան

Նմանատիպ նյութեր