1274 դիտում
14:45 26-09-2015
«Մաքուր պահենք մեր քաղաքը» համադպրոցական մրցույթը ամփոփվել է
Երևանի քաղաքապետարանի և dasaran.am կրթական ծրագրի համատեղ նախաձեռնությամբ իրականացված «Մաքուր պահենք մեր քաղաքը» մեկ րոպե տևողությամբ ֆիլմերի՝ հոլովակների մրցույթն ամփոփվել է։ Հուլիսի մեկից հայտարարված և անցկացվող մրցույթին մասնակցել են Հայաստանի և Արցախի 1495 դպրոցները։
Մրցանակաբաշխությանը ներկա է եղել և առաջին մրցանակին արժանացած աշակերտին պարգևատրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
«Քաղաքը մաքրելը, անշուշտ, քաղաքային իշխանությունների գործն է, իսկ ահա քաղաքը մաքուր պահելը՝ չաղտոտելը, յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է։ Այստեղ տեսնում ենք մի քանի տասնյակ աշակերտների, ովքեր ոչ միայն բարձր գիտակցումով են վերաբերվում այս հարցին, այլ նաև գտել են լավագույն միջոցը՝ քարոզելու կրթության, քաղաքավարության ու հայրենասիրության այս կերպը։ Յուրաքանչյուրը փորձ է արել իր ճաշակով, գիտակցությամբ ու այս տարիքում արդե՛ն ձևավորված քաղաքացիական կեցվածքով պատրաստել սոցիալական նշանակության այս տեսահոլովակները, որոնք այսօր արժանանում են պարգևների։ Հայրենասիրությունը դաստիարակություն է, հայրենասիրությունը նաև լավ կրթությունն է, լավ սովորելն ու սովորեցնելն է։ Շնորհավորում եմ և շնորհակալ եմ բոլորիդ»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
«Մաքուր պահենք մեր քաղաքը» մրցույթին ներկայացվել է շուրջ 1000 աշխատանք, որոնցից առաջին փուլը հաղթահարած 300-ը տեղադրվել են dasaran.am կայքում։ Այս տիրույթում ընտրության հնարավորություն ունեն շուրջ 1 մլն օգտատերեր, որոնցից 450.000-ը աշակերտներ են։
«Նախաձեռնելով «Մաքուր պահենք մեր քաղաքը» մրցույթը՝ կարծես աշակերտների շուրթերով մենք փորձեցինք մեծերին փոխանցել, որ պետք է հնարավորին հետևել շրջակա միջավայրի մաքրությանը։ Եվ երեխաները փայլուն կատարեցին մրցույթի առաջադրանքը, այնքան հետաքրքիր մտահղացումներով, որ հանձնաժողովին անգամ դժվար էր ընտրել լավագույն 25 աշխատանքները։ Վստահ ենք, որ ոչ միայն այս աշակերտները, այլ նաև նրանց դասընկերները և շրջապատող մեծահասակները կսովորեն նրանցից ինչպես մաքուր պահել իրենց շրջակա միջավայրը, իրենց համայնքը»,-նշել է dasaran.am կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը և հավելել, որ առաջին 6 տեղերը նվաճած աշակերտները ստացել են թանկարժեք նվերներ՝ նոթբուկներ, համակարգիչներ, իսկ առաջին տեղը զբաղեցրած աշակերտը համակարգիչ է ստացել ոչ միայն իր, այլ նաև իր դպրոցի համար։
Հաղթող աշակերտներին պարգևատրել են Երևանի քաղաքապետարանը, dasaran.am կայքը և այս նախաձեռնությանը սատարող գործընկերները։ Պարգևները աշակերտներին հանձնել են անվանի արվեստագետներ՝ Մերուժան Տեր-Գուլանյանը, Տիգրան Հեքեքյանը և այլք։
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
15648 դիտում
17:48 21-03-2015
Մաքուր պահենք մեր քաղաքը նման ոստիկաններից. տեսանյութ
4604 դիտում
14:08 18-08-2015
Մենք բոլորս միասին պետք է մաքուր պահենք մեր քաղաքը. Տարոն Մարգարյան
16556 դիտում
10:34 10-11-2019
Մեր տունը մեր հայրենիքն է, և եկեք մաքուր պահենք այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
901 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ
937 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով