211652_close_icon
views-count4562 դիտում article-date 14:08 18-08-2015

Մենք բոլորս միասին պետք է մաքուր պահենք մեր քաղաքը. Տարոն Մարգարյան

Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Սանիթեք» ընկերությունը մայրաքաղաքում տվել է 2-րդ չափաբաժնի (լոտ) մեկնարկը: Նոր մեքենասարքավորումները Շահումյան հրապարակում նախ ներկայացվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Երկրորդ չափաբաժինը ներառում է մայրաքաղաքի Արաբկիր, Ավան, Նոր Նորք, Էրեբունի, Նուբարաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: «Անցյալ տարի դեկտեմբերին, ինչպես հիշում եք, լիբանանյան «Սանիթեք» ընկերությունը մեկնարկեց միջազգային մրցույթի 1-ին լոտով Երևանում աղբահանության ծառայությունների մատուցման աշխատանքները և արդեն այսօր, ըստ էության, մեկնարկում է 2-րդ լոտով նախատեսված աշխատանքները: Այն կտրվի Արաբկիր վարչական շրջանից և, ինչպես 1-ին լոտի ժամանակ, հետզհետե կանցնի մյուս վարչական շրջաններ ու մինչև տարեվերջ, պայմանավորվածության համաձայն, ընկերությունը աղբահանություն կիրականացնի արդեն ամբողջ քաղաքում: Ընկերությունը 2-րդ լոտով նախատեսված աշխատանքների իրականացման համար ևս ներկրել է նոր, եվրոպական չափորոշիչներին համապատասխան մեքենամեխանիզմներ, ընդ որում, մինչև տարեվերջ ևս 20 մեքենամեխանիզմ էլ նախատեսում է ներկրել, այդ թվում նաև՝ ձնամաքրման համար անհրաժեշտ տեխնիկա: Ընկերությունը պարտավորվել է նաև ըստ փաստացի անհրաժեշտության հետագայում ևս նոր մեքենամեխանիզմներ ներկրել, ինչը փաստում է, որ այս գործընթացը շարունակական է»,- ընդգծել է քաղաքապետը: Խոշոր ներդրումային այս ծրագրի շրջանակում մայրաքաղաքում աղբահանության ոլորտում իրականացվում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան սպասարկում, ինչպես նաև աշխատատեղերի ապահովման կարևոր խնդիր է լուծվում: «Մինչ այս պահը ընկերությունը կատարել է 15 մլն եվրոյի ներդրում ու մինչև տարեվերջ նախատեսում է ներդրման ծավալը հասցնել շուրջ 20 մլն եվրոյի: Երևան քաղաքի համար իսկապես մեծ ձեռքբերում է աղբահանության ոլորտում նմանատիպ ներդրումների ապահովումը: Մինչև տարեվերջ ընկերությունը կկրկնապատկի նաև աշխատատեղերի քանակը՝ հասցնելով այն շուրջ 1100-ի», - ընդգծել է քաղաքապետը: Ավելի մաքուր մայրաքաղաք ունենալու հարցում առանձնակի կարևորելով նաև բնակիչների վերաբերմունքը՝ Տարոն Մարգարյանը հորդորել է մաքուր պահել մայրաքաղաքն ու իսկական տանտիրոջ պես վերաբերվել Երևանին: «Ուզում եմ մեկ անգամ ևս դիմել մեր համաքաղաքացիներին ու հորդորել, որ աղբը թափեն դրա համար սահմանված վայրերում, այլ ոչ թե որտեղ պատահի: Ի վերջո մաքուր քաղաք ունենալու համար միայն քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների և «Սանիթեքի» աշխատանքը չի կարող բավարար լինել: Յուրաքանչյուրն իր հերթին պետք է խնամքով վերաբերվի քաղաքին, որ այն լինի մաքուր: Եվ վստահ եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում Երևանը կդառնա աշխարհի մաքուր մայրաքաղաքներից մեկը, որի մասին բոլորս ենք երազել»,- նշել է քաղաքապետը: Իր գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունից՝ «Սանիթեք» ընկերության հիմնադիր-տնօրեն Նիկոլաս Թավիլը նկատել է, որ ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ ունեն վստահելի գործընկեր, ինչն էլ իր հերթին նպաստեց, որպեսզի գործընթացը լինի արդյունավետ ու շարունակական: «Մենք ներկայացնում ենք միջազգային կազմակերպություն և չորս երկրներում ունենք մասնաճյուղ ու հաշվի առնելով աղբահանության և սանմաքրման ոլորտում ծառայությունների մատուցման մասնագիտացած, երկարամյա փորձը՝ վստահ եմ, որ Երևանի բնակչության համար նույնպես ապահովել ու այսուհետ ևս կապահովենք որակյալ սպասարկում: Մեր բոլոր մեքենասարքավորումները և աղբամանները եվրոպական չափորոշիչներին համապատասխան են, ինչն էլ ավելի արդյունավետ է դարձնում աշխատանքը: Մենք Երևանում ամենամեծ ներդրողներից ենք, և պետք է նշեմ, որ այս ամիսների ընթացքում 80 %-ի չափով ինչ հասույթ ստացել ենք, կրկին ներդրել ենք գործի մեջ: Մեր աշխատակիցների միջին աշխատավարձը 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է: Բացի այդ, նրանք բոլորը ապահովագրված են և նրանց համար նույնպես ապահովված են աշխատանքային հարմարավետ պայմաններ: Համոզված եղեք, որ ինչպես առաջին լոտի շրջանակում իրականացված աշխատանքների, այնպես էլ երկրորդ լոտով նախատեսված վարչական շրջաններում իրականացվելիք աշխատանքների շրջանակում մենք կանենք հնարավորը՝ Երևանն ավելի մաքուր դարձնելու ուղղությամբ: Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանին ու անձամբ քաղաքապետին, ում ակտիվ հետևողականության արդյունքում մեր գործունեությունը Երևանում նույնպես հաջողված է, աշխատանքներն էլ կազմակերպվում են առավել արդյունավետ», - նշել է Նիկոլաս Թավիլը: Հարկ է նշել, որ ներկայումս արդեն իսկ ներկրված է 62 միավոր հատուկ մեքենասարքավորում: Ընկերության կողմից մինչ օրս մայրաքաղաք է ներկրվել գերմանական արտադրության 5.000 աղբաման. համաձայն պայմանագրի՝ աղբամանների ընդհանուր քանակը, ներառյալ պահուստայինը, կլինի 16.000: Սա ևս շարունակական գործընթաց է, և աղբամանների քանակը կհամալրվի ըստ անհրաժեշտության:

Նմանատիպ նյութեր