211652_close_icon
views-count47798 դիտում article-date 18:10 25-09-2015

Արտակարգ և ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. նավակի շրջվելու հետևանքով 2 քաղաքացի ջրահեղձ են եղել. փրկարարները որոնում են դիերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում` Հայրավանք գյուղի մոտ, ալիքի հետևանքով նավակ է շրջվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` նավակում գտնվել են 3 հոգի, որոնցից 1-ը Երևանի բնակիչ, 29-ամյա Հրաչ Մանուչարյանը, ինքնուրույն դուրս է եկել ափ, իսկ մյուս 2-ը` Երևանի բնակիչ Արման Թևանյանն ու Հայրավանք գյուղի բնակիչ Դավիթ Վիրաբյանը ջրահեղձ են եղել: Այս պահին Սևանա լճում աշխատում են Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի աշխատակիցները` մարզի փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի, հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ջրասուզակների խմբի հրամանատար Գոռ Հովհաննիսյանը, ով ջրասուզակ-փրկարարներ Վահե Մելքոնյանի և Արսեն Հարությունյանի հետ 2 ժամից ավելի է Սևանա լճում դիերի որոնողական աշխատանքներ է կատարում: Ուժեղ քամին դժվարացնում է ջրասուզակների աշխատանքը: Տեղում են նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները: Դեպքի վայրում հայտնաբերվել է նավակի մեկ թիակ և մարզական կոշիկ (բոթաս), իսկ դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Ա. Թևանյանը Ազգային անվտանգության ծառայության աշխատակից էր: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրից Է. Գալստյանը անընդհատ հեռախոսով տեղեկություններ է փոխանցում ՏԿԱԻՆ Փրկարար Ծառայության պետի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանին, ով էլ իրավիճակի մասին զեկուցում է ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին: Քիչ առաջ եղանակի անբարենպաստ և ուժեղ քամու պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվեցին և կսկսվեն վաղը` սեպտեմբերի 26-ին, առավոտյան ժամը 06:30-ին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր