1533 դիտում
15:42 25-09-2015
ՓՄՁ-ների համար ստեղծվում է բարենպաստ հարկային միջավայր
Կառավարությունը հավանություն է տվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերին ընձեռել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հնարավորություն: Ներկայումս «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը չօգտագործող և զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը հանդիսանում են արտոնագրային վճար վճարողներ: Միաժամանակ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքներով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող անձինք: Խնդիրն այն է, որ զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեությունը հիմնականում իրականացվում է ընտանիքի անդամների միջոցով, մինչդեռ նշյալ գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերը հնարավորություն չունեն համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ և օգտվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների համար նախատեսված հարկային արտոնություններից: Այս խնդիրը բարձրացվել է նաև ՓՄՁ զարգացման խորհրդի նիստի ընթացքում:
Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի և դրանից բխող` մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրենքի նախագծի հիմնական նպատակն է` իրավական հենքի ստեղծման միջոցով նախանշել մայրաքաղաքի զարգացման ընթացքում Երևանի փոքր կենտրոնի բարձրարժեք ճարտարապետական կերպարի միասնականության, կառուցապատման գեղագիտական միջավայրի կատարելագործման, առողջ և գրավիչ կենսամիջավայրի ձևավորման ապահովումը: Մասնավորապես, օրինագծով առաջարկվում է` «Փոքր կենտրոնի» և դրա անմիջական ազդեցության (բուֆերային) գոտիների սահմաններում ընդգրկված տարածքն առանձնացնել որպես ազգային կարևորություն ունեցող հատուկ և լրացուցիչ պայմաններով կառուցապատվող տարածք, որի սահմանագծերը նախատեսվում է հաստատել ՀՀ կառավարության որոշմամբ:
Գործադիրի հավանությանն է արժանացել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծի նպատակն է հնարավորության սահմաններում ապահովել դատախազների պատշաճ վարձատրությունը նրանց կողմից կատարվող գործառույթներին ու ստանձնած պատասխանատվությանը համապատասխան, ինչպես նաև դատախազների վարձատրության համակարգը համապատասխանեցնել պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքներին` վերացնելով անհամապատասխանությունները:
Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Դրանք պայմանավորված են նոր ձևավորվող խոշորացված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման, ինչպես նաև լիազորությունների բաշխման առանձնահատկություններով: Մասնավորապես, առաջարկվում է համայնքները տարանջատել ինքնուրույն և բազմաբնակավայր համայնքների, նոր ձևակերպում է ստանում «բնակավայր» հասկացությունը:
Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:
Նմանատիպ նյութեր
6179 դիտում
15:20 15-09-2016
ՓՄՁ-ների համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ
4299 դիտում
10:44 11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր և միջին բիզնեսի համար. «Հայաստանի Հանրապետություն»
1084 դիտում
16:21 10-02-2023
Բարձր ենք գնահատում ՀՀ ջանքերը օտարերկրյա ներդրողների համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ. ՄԹ դեսպան
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»