ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել սահմանային վերջին իրադարձության վերաբերյալ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը խորը մտահոգություն են հայտնել հայկական և ադրբեջանական ուժերի կողմերից քաղաքացիական բնակվայրերում ականանետեր և ծանր զինտեխնիկա կիրառելու առնչությամբ, ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարության մեջ:
Համանախագահները ընդգծել են, որ նման քայլերն անթույլատրելի են և հանգեցնում են հակամարտության սրման: Նրանք ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին և ափսոսանք հայտնել, որ միջադեպերը տեղի են ունեցել Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նախաշեմին:
«Ակնկալում ենք, որ նախարարները շատ լուրջ քննարկում կանցկացնեն: Միևնույն ժամանակ մենք իր վիճակի չենք հստակորեն որոշել, թե ինչպես է ծագել բռնությունը, քանի որ կողմերից ամեն մեկը մյուսին է մեղադրում: Կողմերին հարկավոր է աշխատել ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի ուղղությամբ, ինչպես և քննարկվել էր նախագահների միջև»,-ասված է հայտարարության մեջ:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/09/24/65810/]Հիշեցնենք[/url], որ նախօրեին ադրբեջանական զինուժի կողմից հերթական կրակոցների և ռմբակոծությունների հետևանքով Տավուշի մարզում խաղաղ բնակիչներ են զոհվել՝ Բերդավան գյուղի բնակչուհիներ, 41-ամյա Սոնյա Վարդանի Ռեվազյանը և 94-ամյա Շուշան Սերգեյի Ասատրյանը, իսկ Պառավաքար գյուղում՝ 93-ամյա Պայծառ Հանեսի Աղաջանյանը: Վիրավորվել են Բերդավան գյուղի բնակիչներ, 62-ամյա Արփիկ Արտաշեսի Մարալջյանը և 44-ամյա Արմեն Հակոբի Հախվերդյանը:
Ադրբեջանի կողմից արձակված կրակոցների հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել նաև Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչներ, 84-ամյա Գուրգեն Իվանի Սիմոնյանը և 45-ամյա Նունե Ռաֆիկի Շահնազարյանը: Վերջիններս տեղափոխվել են Իջևանի հիվանդանոց, որտեղ ժամանել է ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ: