2988 դիտում
19:00 10-09-2015
Թշնամի փնտրեք
«Եթե ձեզ ազատություն տան, ապա 3 oր չեք դիմանա: Ձեզ առաջին օրը կսպանի ճանապարհի ավազակը կամ շերիֆը: Եթե հրաշքով ողջ մնաք, ապա ձեզ կուտի արջը, գայլը կամ բորենին: Եթե կրկին ողջ մնաք, ապա երրորդ օրը քաղցից և անորոշության վախից կմեռնեք: Իսկ ձեր տերերը ձեզ ապահովում են աշխատանքով, որի դիմաց կերակուր են տալիս ամեն օր, տանիք, անկողին, և որ ամենակարևորն է՝ ապահովում են ձեր անվտանգությունը հնարավոր վտանգներից՝ վայրի գազաններից, ավազակներից, շերիֆից: Նրանք են ձեր կյանքի, անվտանգության, ձեր երեխաների երջանիկ մանկության երաշխավորը: Առանց տիրոջ դուք չեք կարող ապրել: Իսկ այդ Լինկոլնը իրականում ուզում է ձեզ մատնել մահվան, ազատվել ձեզնից, դրա համար է նա ձեզ ազատություն խոստանում:
Ի՞նչ է երաշխավորում թշնամին՝ դատարկ ազատություն՝ լիքը վտանգներով, անորոշությամբ, սարսափներով: Ի՞նչ եք անելու ազատության մեջ, ինչպե՞ս եք հոգալու ձեր կարիքները, եթե ոչ տեր ունենաք, ոչ տանիք, ոչ աշխատանք, ոչ հաց: Ստիպված օրենք եք խախտելու՝ գողանաք կամ սպանեք, հետո բռնվեք, դատապարտվեք տաժանակրության կամ ենթարկվեք մահապատժի և ընկնեք դժոխք: Կամ ստիպված աշխատանքի եք անցնելու մեկ այլ ստրկատիրոջ մոտ, իսկ ձեզ ոչ ոք չի վերցնի, քանի որ օրենքով դուք ձեր տերերի մոտ պիտի աշխատեք: Այնպես որ դուք առանց տիրոջ կյանք չունեք: Եվ ձեզ ազատություն պետք չի, ձեզ պետք են կերակուր, տանիք, բարիք ստեղծելու հնարավորություն՝ աշխատանք, ապահովություն և անվտանգություն: Ձեր բարեկեցությունն ու անվտանգությունը երաշխավորում են ձեր տերերը՝ ձեզ հետ միասին: Այդ միասնությունը կնքված է օրենքով, հավերժ է ու անխախտ: Երկրի վրա ոչ ոք չի կարող այն չեղյալ հայտարարել: Այսպես եղել է դարեր և միշտ այդպես է լինելու: Եվ ուրեմն՝ լցվե՛ք վճռականությամբ ու պայքարե՛ք ձեր կյանքի, բարեկեցության և անվտանգության համար: Զենք վերցրե՛ք ու կռվե՛ք ձեր մահը ցանկացողի, ձեր երեխաներին ու կանանց որբ թողնել ցանկացողի դեմ: Ձեր թշնամին ուզում է սպանել ձեր տերերին և մահվան մատնել ձեզ: Ցույց տվեք, որ կարող եք պաշտպանել ձեր տերերին, քանի որ նրանք ձեզ պաշտպանելու համար ոչինչ չեն խնայում: Ցույց տվեք, որ անվտանգությունն ավելի կարևոր է, քան ազատությունը: Ձեր կռիվն արդար է, քանզի այն երկրում հաստատված կարգի պաշտպանության համար է: Պատռեք Լինկոլնի ազատության հռչակագիրը: Այն ձեզ պետք չի: Քաջաբար կռվեք ձեր տերերի, ձեր կանանց ու երեխաների կյանքի համար: Եվ հաղթանակը ձերն է լինելու:»
1863թ. հունվարին հնչած այս կոչը լսելուց հետո հարավի բանակը համալրվել է ևս 10.000 սևամորթ զինվորներով և հարավի բանակում կռվող սևամորթների թիվը անցել է 20.000-ից (ըստ ոչ պաշտոնական տվյալների): Սևամորթները հարավի բանակում կռվել են պատերազմի սկզբից՝ 1861թ-ից: Իսկ հյուսիսի բանակ սևամորթները մտել են միայն 1862թ. վերջին: Քաղաքացիական պատերազմի ամբողջ ընթացքում հարավի բանակում կռվող սևամորթները գերի ընկնելու դեպքում չեն համաձայնվել անցնել հյուսիսի կողմը և տեղում գնդակահարվել են: Նրանք խիզախորեն կռվել են ստրկատիրական կարգերի պահպանման համար և տվել հազարավոր զոհեր:
Այս պատմական օրինակը ցույց է տալիս, որ մարդը կարող է կռվել ոչ միայն իր ազատության համար, այլև իր ստրկության իրավունքի համար, նայած. թե ով և ինչպես է նրանց ոտքի հանում և տրամադրում կռվելու:
[b]Թաթուլ Մկրտչյան
[/b]
Նմանատիպ նյութեր
1910 դիտում
10:24 25-02-2016
Առիթ մի տվեք, պատվեր մի փնտրեք. «Առավոտ»
3094 դիտում
11:44 02-04-2019
«Փնտրեք ձեր թիմում». փոխնախարարի ձերբակալությունը` պատասխան Արսեն Թորոսյանին. «Ժողովուրդ»
4082 դիտում
21:01 12-01-2022
ՀԱՊԿ-ին հանգիստ թողեք, ագրեսիայի պատճառը փնտրեք Փաշինյան-Ալիև բանավոր փոխըմբռնումների մեջ. Ղազինյան
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
760 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են