ՀԱԿ խմբակցության ղեկավար կազմը պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից պահանջում է վայր դնել պատգամավորական մանդատը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Դատելով քաղաքական դաշտում առկա կուսակցությունների գործելաոճից՝ կարելի է կանխատեսել, որ ընդդիմության խոստացած թեժ աշունն այս տարի էլ չի լինելու: Փոխարենը սեպտեմբերի 1-ի դրությամբ թեժ է իրավիճակը կուսակցությունների ներսում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար կազմը պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից պահանջում է վայր դնել պատգամավորական մանդատը, քանի որ ՎՍԴՀԿ նախագահը համարձակվել է գնալ նախագահի նստավայր եւ հանդիպել Սերժ Սարգսյանին: Հնարավոր եւ անհնար բոլոր տարբերակներով փորձ է արվում՝ ճնշում գործադրել Լյուդմիլա Սարգսյանի վրա:
Բարդ է իրավիճակը նաեւ դաշնակցության ներսում: Այստեղ Կառավարությանն ապագայում մաս կազմելու թեմայի շուրջ ծանր խոսակցություն է եղել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի եւ դաշնակցության ղեկավարության միջեւ, ինչի հետեւանքով Մինասյանն ինքնակամ մեկուսացվել է:
Խնդիրներ կան նաեւ «վերածնված» ՕԵկ-ում: Մինչ Սերժ Սարգսյանի հետ կայացած «սահմանադրական ֆոտոսեսիան», այս կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտարարում էր, թե դեմ են նախագծին եւ Սերժ Սարգսյանի հետ չեն էլ հանդիպելու, որովհետեւ քննարկելու ոչինչ չունեն: Բայց հանդիպումը կայացավ լայն ժպիտի ֆոնի վրա, որից հետո այս անգամ «Հայկական վերածնունդի» անունից նախագծին դեմ լինելու մասին հայտարարություն տարածվեց»: