211652_close_icon
views-count1648 դիտում article-date 17:09 17-08-2015

Պետք է հասնենք նրան, որ քաղաքացիներն աղբը թափեն սահմանված վայրերում, այլ ոչ թե որտեղ պատահի. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 74 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը ոչ բավարար գնահատելով աշխատանքի արդյունքները, հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ իրականացվող քայլերը՝ աղբը միայն սահմանված վայրերում թափելու մշակույթը լիարժեք արմատավորելու համար: «Այն վարչական շրջանները, որտեղ «Սանիթեք» ընկերությունը աղբահանություն է իրականացնում, այդ վարչական շրջանի ղեկավարները պետք է լինեն ավելի խիստ և սահմանեն ամենօրյա հսկողություն: Տվյալ ընկերության աղբահանության ծառայության մատուցումը բնավ չի նշանակում, որ վարչական շրջանի աշխատակազմն այլևս անելիք չունի: Ընդհակառակը՝ ավելի շատ անելիք և պատասխանատվություն ունեք, ընդ որում ոչ միայն ընկերության աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը հետևելու մասով, այլև հատկապես աղբը ոչ սահմանված վայրերում թափելու հետ կապված: Պետք է հասնենք նրան, որ քաղաքացիներն աղբը թափեն սահմանված վայրերում, այլ ոչ թե որտեղ պատահի: Այս հարցում եղեք շատ խիստ և առանց բացառության վարչական տույժերի ենթարկենք բոլոր այն քաղաքացիներին ու կազմակերպություններին, որոնք ոչ սահմանված վայրերում աղբ են թափում: Սա վարչական շրջանների համապատասխան ծառայությունների պարտականությունն է ու խստորեն պետք է հետևել դրա լիարժեք կատարմանը»,- ընգծել է քաղաքապետը: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 16 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան կառույցների հետ համատեղ շարունակել խիստ հսկողությունը: Քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 6 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 2 հասցեներում: Հանձնարարվել է շարունակել խիստ հսկողությունը նաև շինարարական փաստաթղթերի տրամադրման մասով՝ նախագծային շեղումները բացառելու նպատակով: Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով ընթացքի մեջ են 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով կառուցվող նոր բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել ժամկետների պահպանման նկատմամբ:

Նմանատիպ նյութեր