211652_close_icon
views-count91554 դիտում article-date 09:30 17-07-2015

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Լուսաղբյուրի 50-ամյա գյուղապետը Нива-ով բախվել է բեռնատար գնացքին. գյուղապետը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վազ 2121 մակնիշի 03 ԼԼ 608 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 50-ամյա Մանվել Խաչատրյանը նշված ավտոմեքենայով բախվել է բեռնատար գնացքին: Վթարի հետևանքով Մ. Խաչատրյանը տեղում մահացել է, իսկ 3 հոգի, որոնցից 2-ը՝ մանկահասակ երեխաներ, տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի հրեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Վթարի վայր են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Սպիտակի քննչական բաժնի քննչական խմբերը՝ մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, իսկ փրկարարական աշխատանքները տեղում ղեկավարում է Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գյուղապետի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, իսկ բեռնատար գնացքը ավտոմեքենան մոտ 400 մետր հեռավորությամբ քշել-տարել է: Փաստի առթիվ հատկապես կարևոր գործերով քննիչ Հրաչ Պողոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 241 հոդվածի 2-րդ մասի (երթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորների, ինչպես նաև բեռնատար գնացքի վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Մ. Խաչատրյանը Լուսաղբյուրի գյուղապետն էր: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տեղի ունեցած ողբերգական վթարում մեծ մեղավորություն ունեն ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարությունը, Լոռու մարզպետարանը, քանի որ նշված հատվածում դեռ խորհրդային տարիներին եղել են ուղեփակոցներ և երբ մարդատար և բեռնատար գնացքները եկել են, հասնելով գյուղամիջյան նշված հատվածներին՝ տեղում գտնվող կարգավարը ուղեփակոցներով փակել է այդ հատվածները, ինչը վարորդներին զգուշացրել է, որ մոտենում է գնացքը ու նման դեպքեր տեղի չեն ունեցել, մինչդեռ չգիտես ում կարճ ուղեղով հանվել են ուղեփակոցները և տեղի են ունենում նման ողբերգական դեպքեր: Ժամանակն է, որպեսզի Կապի և տրանսպորտի նախարարության ու Լոռու մարզպետարանի վայ-չինովնիկները մտածեն այդ մասին ու վերականգնեն ճանապարհային երթևեկության համար շատ կարևոր, նշված հատվածներում նախկինում գոյություն ունեցած ուղեփակոցները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր