211652_close_icon
views-count1328 դիտում article-date 18:35 15-07-2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի անդամների հետ

Պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Մարսելում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF SUD) անդամների հետ: CCAF համանախագահ Ժակ Դոնապետյանը, քաղաքապետին ներկայացնելով կազմակերպության գործունեությունը, նշել է, որ կառույցն ավելի քան 20 կազմակերպություն միավորող և նրանց ջանքերը համակարգող ներկայացուցչական մարմին է, որը գործում է Մարսելում, Լիոնում և Փարիզում: «Պարոն քաղաքապետ, մեզ համար իսկապես հաճելի է անձամբ հանդիպել Ձեզ հետ և միասին քննարկել բոլոր այն ուղղությունները, որոնց շրջանակում կարող ենք արդյունավետ գործակցություն ծավալել: Մենք պատրաստակամ ենք աշխուժացնելու փոխգործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ, քանի որ մեզ համար անչափ կարևոր է հայրենիքի հետ կապերի ամրապնդումը»,- նշել է Ժակ Դոնապետյանը: CCAF համանախագահ Սիմոն Ազիլազյանն էլ իր հերթին նկատել է, որ գործակցության ուղղություններն իսկապես բազմազան են, և հույս է հայտնել, որ Երևանի քաղաքապետի այցից հետո երկուստեք հարաբերությունները գործնական փուլ կթևակոխեն: Բարձր գնահատելով հայկական խորհրդի գործունեությունը՝ հայ մշակույթի պահպանման ու հայեցի դաստիարակման գործում, Երևանի քաղաքապետն առանձնակի կարևորել է կառույցի ակտիվ մասնակցությունը` ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործին: Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են ի շահ Երևանի ու Մարսելի բնակիչների: «Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, և այդ մեծ տան դռները միշտ բաց են մեր բոլոր հայրենակիցների առջև: Համոզված եմ, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հետ ևս կարող է ծավալվել արդյունավետ համագործակցություն, և վստահեցնում եմ ձեզ, որ Երևանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ իրենց պատմական հայրենիքի հետ մեր հայրենակիցների կապը էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետը պատասխանել է նաև խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին: Ներկայացնելով Երևանի զարգացման ծրագրերն ու առաջնահերթությունները` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ փոխշահավետ համագործակցության շատ կարևոր բաղադրիչներից մեկն էլ Մարսելի քաղաքապետարանի և գործարար համայնքի ակտիվ մասնակցությունն է այդ ծրագրերում, ինչը մեծապես պայմանավորված է հենց տեղի հայկական համայնքի, նաև ազգային կազմակերպությունների ակտիվ գործունեությամբ:

Նմանատիպ նյութեր