Ամերիկացի 16 սենատորներ կոչ են արել Ալիևին ազատ արձակել քաղբանտարկյալներին
Նախօրեին ԱՄՆ Սենատի 16 անդամներ նամակ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում իրենց դժգոհությունն են հայտնել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և խոսքի ազատության շրջանում և ակտիվիստների հետապնդման հետ կապված սարսափելի իրավիճակի շուրջ, հաղորդում է contact.az-ը:
Նամակում հատկապես ընդգծվել են իրավապաշտպաններ Անար Մամեդլիի, Լեյլա և Արիֆ Յունուսների, Ինթիգամ Ալիևի, Ռասուլ Ջաֆարովի և հետաքննող-լրագրող Հադիջա Իսմայլովայի անունները:
Նամակը ստորագրել են սենատորներ Բարբարա Բոքսերը, Բենջամին Քարդինը, Դայան Ֆակնշտեյնը, Ռոն Ջոնսոնը, Մարկ Քիրքը, Պատրիկ Լիհին, Էդ Մարքին, Ջոն Մաքքեյնը, Ռոբերթ Մենենդեսը, Քրիս Մերֆին, Հարի Փիթերսը, Ջեք Ռիդը, Մարկո Ռուբիոն, Ժան Շահինը և Շելդոն Ուայթհաուսը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ փակվեց ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակը, արգելվեց Amnesty International իրավապաշտպան կազմակերպության անդամների մուտքը Ադրբեջան: Փակվեցին «Ազատություն» ռադիոկայանը: Հատկապես շեշտադրվում է լրագրող Հադիջա Իսմայլովայի ձերբակալությունը: