31420 դիտում
19:41 05-07-2015
Խոշոր հրդեհ Երևանում. հայտարարվել է հրդեհի վտանգավորության «բիս 1» աստիճան, տուժածներին կրակի ճիրաններից դուրս են բերել քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 5-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Վարդաշեն թաղամասի 1-ին փողոցի թիվ 39 տանը: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր է ժամանաել 1-03 շտապօգնության ծառայության հերթապահ խումբը, էլեկտրացանցի ծառայողները և Էրեբունի վարչական շրջանի կոմունալ ծառայության աշխատակիցները: Ժամանել են նաև թիվ 2-րդ և 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական հաշվարկ, այնուհետև տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «բիս 1» աստիճան: Լրացուցիչ ժամանել են թիվ 4-րդ, 3-րդ և 9-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական հաշվարկ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչև հրշեջների ժամանումը, քաղաքացիները, հարևանությամբ ապրող բնակիչները այրվող 3 սեփական տներից դուրս են բերել այնտեղ գտնվող մարդկանց, ինչից հետո, չսպասելով հրշեջների ժամանմանը, իրենց ուժերով կենաց և մահու պայքար են մղել տարածվող կրակի դեմ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված փողոցում կան դիտահորեր, որով, ըստ հարևանների ասածի, անցնում են ջրախողովակներ, սակայն պատկան մարմինները դիտահորերը այնպես են ասֆալտով զմռսել, որ հնարավոր չեղավ որոշ դիտահորեր բացել, ինչն ավելի էր դժվարացնում քաղաքացիների և հրշեջների աշխատանքը:
Ֆոտոլրագրողը նշում է, որ ամբողջովին այրվել է 3 տների գույքը, տանիքներն ու առաստաղները վերածվել են մոխրակույտի ու հիմա սոցիալապես անապահով խավին դասվող այդ մարդիկ հայտնվել են բաց երկնքի տակ:
Այդ վիճակում են հայտնվել նաև հրդեհված սեփական տան բնակիչներից հաշմանդամ հայրն ու դուստրը, որոնց կյանքը փրկել են հարևանները՝ մեծ դժվարությամբ դուրս բերելով տնից: Աղջկա ինքնազգացողությունն այդ ժամանակ վատացավ և օպերատիվորեն ժամանած 1-03 շտապօգնության բուժանձնակազմը տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերելուց հետո, տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն: Չնայած աղջիկը հրաժարվում էր պատճառաբանելով, որ իրենք ֆինանսական խնդիրներ ունեն: Սակայն այդ մասին իմանալով Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանձնարարեց, որպեսզի աղջկան տեղափոխեն Էրեբունի ԲԿ՝ ասելով. «Բժշկական կենտրոնը կհոգա բժշկական բոլոր ծախսերը, մինչև նա հիվանդանոցից դուրս գրվի»:
Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի հանձնարարականով, նշված վայր է ժամանել վարչական շրջանի կոմունալ տնտեսության պետի տեղակալը, ով հայտարարեց. «թաղապետը հանձնարարել է, որ անպայման բնակարանների վերանորոգման աշպխատանքները վերցնենք մեր վրա, քանի որ ակնհայտ է, որ տուժած բնակիչները դրա կարիքն ունեն»:
Իսկ հարևանները ճիշտ էին, երբ ասում էին. «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում»: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, այս պահին դժվար է ասել: Դա պարզ կլինի մի քանի փորձաքննությունների պատասխանը լինելուց հետո:
Ի դեպ, հավաքվածներն ասում էին, որ հրշեջ խմբերը ուշացել են, իսկ հրշեջներն էլ պատասխանում էին, թե իրենք գործել են օպերատիվ:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+