Սուրիկ Խաչատրյանի դեմ ուղղված մահափորձի գործով ձերբակալվել է Սյունիքի մարզի 4 բնակիչ
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]–ը տեղեկացավ Ազգայաին Անվտանգության ծառայությունից:
Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունների արդյունքում ձերբակալված անձանց պատկանող բնակարաններից, այլ շինություններից հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, այդ թվում՝ «ԱԿ-74» տեսակի 5. 45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ փամփշտատուփերով եւ փամփուշտներով:
ԱԱՊԾ-ից տեղեկանում ենք նաեւ, որ ներկայումս իրականացվում են ձերբակալման համար հիմք հանդիսացած կասկածանքի հաստատմանը կամ հերքմանը, ինչպես նաեւ քրեական գործով պարզաբանման ենթակա այլ հանգամանքների ստուգմանն ուղղված տարաբնույթ քննչական եւ օպերատիվ գործողություններ:
Դեպքի վայրում հայտնաբերված գնդակների ու պարկուճների եւ առգրավված զենքի նույնականությունը պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:
Նախաքննության հետագա ընթացքի եւ միջանկյալ այլ արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: