211652_close_icon
views-count802 դիտում article-date 18:33 26-06-2015

Նախագահն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել ՀՀ-ում ԳԴՀ դեսպանության աշխատանքը` Ռայներ Մորելի անմիջական ղեկավարությամբ, ով, Նախագահի գնահատմամբ, անցած երեք տարիներին բավականին ակտիվ աշխատել է և աչքի ընկել տարատեսակ միջոցառումների կազմակերպմամբ, որոնք մեծապես նպաստել են Գերմանիայի մասին Հայաստանի հասարակության շրջանում իրազեկվածության բարձրացմանը, միջմշակութային շփումների և երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման ընդլայնմանը, քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական կապերի զարգացմանը: Նախագահը երախտագիտություն է հայտնել հայ և գերմանացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործին դեսպանի նվիրումի և արդյունավետ գործունեության համար, ինչը, Սերժ Սարգսյանի խոսքով, արժանացել է մեր ժողովրդի բարձր գնահատականին: Հանդիպման ընթացքում Նախագահը դեսպան Մորելին պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ հայ-գերմանական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Հանրապետության Նախագահը նրան մաղթել է ամենայն հաջողություն հետագա ծրագրերում և հույս հայտնել, որ նա Հայաստանից հեռանում է ջերմ տպավորություններով և մեկընդմիշտ կմնա մեր երկրի բարեկամը։ Ընդգծելով, որ Գերմանիան Հայաստանի համար կարևորագույն գործընկեր և բարեկամ երկիր է, Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ երկու երկրների միջպետական հարաբերությունները դինամիկ զարգանում են, վերջին շրջանում երկկողմ համագործակցության օրակարգը զգալիորեն ընդլայնվել ու հարստացել է՝ ամրապնդվելով համագործակցության շուրջ 60 համաձայնագրով, զարգացում է ապրել նաև ռազմական համագործակցությունը, ակտիվացել են տարբեր մակարդակի փոխայցերն ու շփումները: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, միայն վերջին ամիսներին, տարբեր միջոցառումների շրջանակներում, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած իր հանդիպումները հնարավորություն են տվել հանգամանորեն քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների մասին՝ զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ դրանք զարգանում են ակտիվ փոխայցերի արդյունքում: Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել այն հանգամանքը, որ գերմանացի օրենսդիրները այցելում են նաև Արցախ, ինչը նրանց հնարավորություն է տալիս օբյեկտիվ կարծիք կազմել ԼՂ հակամարտության մասին: Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը անչափ գնահատելի է համարել այն փաստը, որ ընթացիկ տարում Հայոց ցեղաս¬պանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում Գերմանիայում: Նախագահի խոսքով, հայ ժողովուրդը մեծապես կարևորում է Գերմանիայի պաշտոնական շրջանակների դիրքորոշումը Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում, մասնավորապես` Նախագահ Յոախիմ Գաուկի ելույթը ապրիլի 23-ին` Բեռլինի մայր տաճարում, ինչպես նաև ապրիլի 24-ին Բունդեսթագի լիագումար նիստին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քննարկումը, որին նախորդել է Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտի ներածական խոսքը (նա 1915թ. իրողությունն ուղղակիորեն բնութագրել է որպես ցեղասպանություն): Հանդիպման ավարտին դեսպան Ռայներ Մորելը շնորհակալություն է հայտնել Նախագահին՝ ջերմ ընդունելության և իր գործունեությունը նման բարձր գնահատականի արժանացնելու համար, նշելով, որ իր համար մեծ պատիվ է ստանալ Հայաստանի Հանրապետության պետական պարգևը: Դեսպանն ընդգծել է, որ պաշտոնավարման ժամանակաշրջանում արել է այն, ինչ պարտավոր էր անել երկրի դեսպանը, և ՀՀ պարգևն իր հետ տանում է ոչ միայն որպես իր աշխատանքի, այլ նաև երկու երկրների հարաբերությունների խորհրդանիշ:

Նմանատիպ նյութեր