211652_close_icon
views-count1107 դիտում article-date 18:35 22-06-2015

«Մեր նպատակը Երևանն ավելի կանաչապատ տեսնելն է». Տարոն Մարգարյան

Խոտածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու և հնարավոր դեպքերը բացառելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնել և մշտական հսկողություն սահմանել խոտածածկ տարածքներում խոտհնձի պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Զեկուցվել է, որ ոռոգման համակարգ ունեցող տարածքներում պատշաճ խնամքի ապահովման նպատակով էլ կատարվում է տվյալ տարածքների երկհերթ ոռոգում, որից հետո կանաչապատման նպատակով կիրականացվի ճմապատում և ծաղկապատում: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է առավել ակտիվացնել աշխատանքներն ու ուժեղացված հսկողություն սահմանել՝ նկատելի արդյունք ապահովելու նպատակով: «Ուղղակի անընդունելի է, երբ հայտարարում ենք, որ մայրաքաղաքում ավելի քան 60 կմ ոռոգման նոր ցանց ենք անցկացրել, սակայն գործնականում որոշ տարածքներ չեն ոռոգվում: Համակարգի անցկացումից անմիջապես հետո խնամքի ու կանաչապատման արդյունքները կարճ ժամանակում պետք է տեսանելի լինեն: Մեր նպատակը Երևանն ավելի կանաչապատ տեսնելն է, որի ուղղությամբ էլ ամեն տարի որոշակի քայլեր են ձեռնարկվում: Այս առումով ոռոգման ցանցի ընդլայնումն առաջնային ու կարևորագույն բաղադրիչն է: Ուստի եղեք առավել հետևողական՝ անցկացված յուրաքանչյուր մետրի արդյունավետ շահագործման հարցում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: Ծաղկապատման ընթացքի հետ կապված հանձնարարվել է շարունակել աշխատանքները՝ ավելի խտացնելով ծաղկային ձևավորումներ՝ անհրաժեշտության դեպքում նաև փոխարինելով առկա ծաղկասածիլները:

Նմանատիպ նյութեր