Բաքու-2015. Հայաստանի երեք սամբիստներն էլ կպայքարեն բրոնզե մեդալների համար
Բաքվում ընթացող Եվրոպական Առաջին Ամառային խաղերին մասնակցող հայաստանցի երեք սամբիստներն էլ այսօր երեկոյան վճռական գոտեմարտերում կպայքարեն բրոնզե մեդալների համար:
57 կգ քաշային կարգում հանդես եկող Աշխարհի, Եվրոպայի և Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը պարտվել էր Այմերգեն Ակտունովին, որը դուրս է եկել եզրափակիչ: Դրա շնորհիվ մեր սամբիստը բրոնզե մեդալի համար կմրցի բելառուս Վլադիսլավ Բուրձի հետ:
90 կգ քաշային կարգում հանդես եկող Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Աշոտ Դանիելյանը կիսաեզրափակիչում համառ պայքարում 5:7 հաշվով պարտվեց բելառուս Անդրեյ Կազուսիոնակին և 3-րդ տեղի համար կպայքարի լիտվացի Ռադվիլաս Մատուկասի հետ:
Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Սոսե Բալասանյանն էլ ուժերը կչափի բուլղարացի Մագդալենա Վարբանովայի հետ:
Սամբոյի մրցաշարի վճռական գոտեմարտերը կմեկնարկեն երեկոյան ժամը 18-ին: