211652_close_icon
views-count1261 դիտում article-date 10:27 19-06-2015

Հոսանքի սակագնի բարձրացումը ինքնաբերաբար հանգեցնելու է ներքին արտադրության և ծառայությունների ինքնարժեքի թանկացման. ՀԱ

«Եվ այսպես. օգոստոսի 1-ից Հայաստանում հոսանքը կթանկանա,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Դա ենթադրում է տնտեսության և սոցիալական իրավիճակի վրա ճնշման ուժեղացում, ինչը հիմնականում արտահայտվում է տնտեսական գործընթացների դանդաղեցման և գնաճի ակտիվացման տեսքով։ Տնտեսության բազմաթիվ ճյուղերում արտադրության ինքնարժեքը ուղղակիորեն փոխկապակցված է էլեկտրաէներգիայի սակագների հետ։ Այն բավականաչափ ընդգրկուն է, թեև տարբեր ոլորտներում տարբեր կերպ է արտահայտվում։ Ամեն դեպքում, էլեկտրաէներգիայի 16 տոկոս թանկացումը զգալի ճնշում է տնտեսության վրա։ Առավել ևս՝ ոչ այնքան բարվոք տնտեսական միջավայրում։ Սպասվում է, որ տնտեսության ակտիվությունը կնվազի։ Պատահական չէ, որ գնալով ավելի զուսպ են դառնում կառավարության տնտեսական աճի սպասումները։ Եթե մինչ այդ խոսվում էր աճի առնվազն 2-2,5 տոկոս հավանականության մասին, ապա վերջին շրջանում ակնկալիքներն արդեն 1 տոկոսի սահմաններում են։ Հոսանքի սակագնի բարձրացումը ինքնաբերաբար հանգեցնելու է ներքին արտադրության և ծառայությունների ինքնարժեքի թանկացման։ Մի բան, որ նվազեցնում է տեղական արտադրության մրցունակությունը։ Ընդ որում, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում։ Հերթական թանկացումով Հայաստանը դարձավ ոչ միայն նոր տնտեսական տարածքում, այլև ԱՊՀ-ում էլեկտրաէներգիայի ամենաբարձր սակագինն ունեցող երկիրը» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր