Մոնտեվիդեոյի «Սոլիս» թատրոնում հունիսի 21-ին կցուցադրվի «Քսանի լուսաբացը» փաստագրական ֆիլմը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակում Մոնտեվիդեոյի «Սոլիս» թատրոնում հունիսի 21-ին կցուցադրվի «Քսանի լուսաբացը» փաստագրական ֆիլմը, գրում է teatrosolis.org.uy-ը:
«Քսանի լուսաբացը» փաստագրական ֆիլմի հիմքում Հայոց ցեղասպանության ծրագիրն իրականացնելուց առաջ` 1915-ի հունիսի 15-ի դեպքերն են, երբ Ստամբուլի Սուլթան Բայազետ հրապարակում կախաղան բարձրացրին «Հնչակյան սոցիալ դեմոկրատական» կուսակցության 20 անդամի, որոնք կանխատեսում էին մոտալուտ բնաջնջումն ու կանխարգելիչ քայլեր ձեռնարկում: Մահանալուց առաջ նրանցից մեկը` Մաթեոս Սարգսյանը, ով ավելի հայտնի է որպես Փարամազ, ասաց. «Դուք կարող եք կախել մեր մարմինները, բայց ոչ երբեք մեր գաղափարները: Վաղը հորիզոնում կնշմարվի ազատ և սոցիալիստական Հայաստանը»:
Նույն միջոցառման շրջանակում Մոնտեվիդեոյի ֆիլարմոնիկ նվագախմբի ղեկավար, դիրիժոր, դաշնակահար, մաեստրո Ալվարո Հակոբյանը և ջութակահար Մատիաս Կրասիունը ջութակի և դաշնամուրի համերգ կտան:Միջոցառման ծրագրում նաև երաժշտական ներկայացում է (Ալվարո Հակոբյան` դաշնամուր, Մատիաս Կրասիուն` ջութակ), նոկտյուրն ջութակի և դաշնամուրի համար (Էդուարդ Բաղդասարյան, 1922-1987), Էլեգիա (Խաչատուր Ավետիսյան, 1926-1996): Նախատեսվում է նաև Հնաչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնական հանձաժողովի նախագահ Հակոբ Տիգրանյանի ելույթը: