211652_close_icon
views-count741 դիտում article-date 19:27 09-06-2015

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա. Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին. Հարգելի խորհրդարան, Հաշված օրեր անց իր աշխատանքները կավարտի ԱԺ հերթական նստաշրջանը, որը հագեցած էր իրադարձություններով: Բնական է, որ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին մենք՝ հայոց խորհրդարանի ներկայացուցիչներս, չէինք կարող անմասն մնալ մարդկության դեմ իրականացված հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանության եւ ժխտողականության դեմ պայքարի հարցում: Մասնավորապես, մարտի 24-ին Հայաստանի խորհրդարանը միաձայն ընդունեց պատմական հայտարարություն՝ դատապարտելով Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը. դրանով իսկ վերահաստատվեց, որ ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւ բոլոր ցեղասպանությունների արդար դատապարտման ջահակիրներ ենք: Հայաստանի Ազգային ժողովի նախաձեռնությամբ մենք արդեն հետամուտ ենք եղել ձեւավորել «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղապանության» միջազգային հարթակ, որի նպատակն է համախմբելով տարբեր երկրների խորհրդարանականների ներուժը՝ պայքարել ցեղասպանությունների դատապարտման եւ ժխտողականության դեմ: Ավելին՝ Հայաստանի ԱԺ պատգամավորների ջանքերով եվրոպական մի շարք երկրներում ներկայացվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցանմուշներ: Հարգելի գործընկերներ, Հարկ է նշել, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը, ժխտելով թե՛ Հայոց ցեղասպանությունը, ե՛ւ թե քրիստոնյա այլ ժողովուրդների ցեղասպանությունը, կիսում է հանցագործության բեռը Թալեաթի, Էնվերի եւ Քեմալի հետ մեկտեղ: Ավելին՝ Թուրքիայի քաղաքական ղեկավարն իր պետությանը սպառնացող վտանգների շարքում առանձնացնում է նաեւ հայությանը: Սա հայաֆոբիայի եւ նացիզմի դասական օրինակ է: Մեր ուղերձն է աշխարհի խորհրդարանականներին՝ պետք է բացառել նոր թալեաթների, նոր էնվերների, որ քեմալների եւ ի վերջո նոր հիտլերների ծնունդը: Այսօր Թուրքիայի ղեկավարությունը, դեռ չլուծած իր ներքաղաքական խնդիրները, Ադրբեջանի նախաձեռնությամբ ցանկանում է փոփոխել Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը՝ մխրճվելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Չզլանալով՝ հերթական անգամ նշում ենք.Առաջին, Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում,Երկրորդ, հիմնահարցը պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա,Երրորդ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա, Չորրորդ, Արցախի Հանրապետության անկախությունն այլընտրանք չունի: Շնորհակալություն ուշադրության համար:

Նմանատիպ նյութեր