211652_close_icon
views-count1206 դիտում article-date 15:22 30-10-2014

Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա. Շարմազանովը՝ ղազախ պատգամավորներին

Հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղազախստան-Հայաստան բարեկամության խմբի անդամներին: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Ղազախստան բարեկամության խմբի ղեկավար Գարեգին Նուշիկյանը եւ Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Ողջունելով ղազախ գործընկերներին` Էդուարդ Շարմազանովը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու սերտացումը, ինչին կարող են հատկապես նպաստել բարեկամության խմբերի արդյունավետ համագործակցությունն ու փոխայցերը: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը. զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների առեւտրատնտեսական կապերի զարգացմանը եւ համագործակցության նոր հեռանկարներ կբացի: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումերին: Էդուարդ Շարմազանովը շեշտել է, որ Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորմամբ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ նշելով, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ՝ պարոն Շարմազանովը նշել է, որ միայն նման ոճրագործությությունների ճանաչումն ու դատապարտումը կարող է կանխել նման իրողությունների հետագա կրկնությունը: ԱԺ փոխնախագահը պատվիրակության անդամներին հրավիրել է մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Պատվիրակության անդամները եւս շեշտել են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսնում են խաղաղ լուծմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Նմանատիպ նյութեր