211652_close_icon
views-count775 դիտում article-date 16:51 01-06-2015

Հրանուշ Հակոբյանն ընդունել է լիբանանահայ պատգամավոր Շանթ Չինչինյանին և լիբանանցի գործարար Նիկոլա Աբու Ֆեյսալին

Հունիսի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի հայազգի պատգամավոր Շանթ Չինչինյանին և լիբանանցի գործարար Նիկոլա Աբու Ֆեյսալին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր գնահատեց Շանթ Չինչինյանի ավանդը՝ հայապահպանության, հայ-լիբանանյան հարաբերությունների ամրապնդման և հայ համայնքի խնդիրների լուծմանն աջակցելու գործում: Գերատեսչության ղեկավարը կարևորեց «Գարդենիա Լեբնիզ ֆարմս ՍՊԸ»-ընկերության հիմնադիր, լիբանանցի գործարար Նիկոլա Աբու Ֆեյսալի՝ Հայաստանում պեկան տեսակի ընկույզի տնտեսություն հիմնելու, ինչպես նաև Հայաստանում նոր աշխատատեղեր ստեղծելու ծրագիրը: Նախարարը հյուրերին ներկայացրեց 2015թ. նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և հորդորեց, որ լիբանանահայ երիտասարդներն առավել ակտիվ մասնակցություն ունենան Հայաստան-Սփյուռք կապերի մերձեցմանն ուղղված միջոցառումներին: Հայ պատգամավորը նախարարին ներկայացրեց լիբանանահայ համայնքում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ընդգծեց հայոց լեզվի պահպանման և տարածման անհրաժեշտությունը՝ որպես ինքնության կարևոր գրավական: Իր հերթին, գործարարը ներկայացրեց Կոտայքի մարզում առաջիկա գործունեության ծրագիրը: «Առաջին փուլում նախագծի համաձայն նախատեսում ենք տնկել 30 հազար պեկան ընկույզի ծառ՝ 100 հեկտար տարածքի վրա: Ծառերի արտադրողական կարողությունը 2020թ. կկազմի տարեկան 2000 տոննա, 2025թ. 3000 տոննա և կհասնի 5000 տոննայի, երբ ծառերը հասնեն ամբողջական արտադրողական կարողության»: Նիկոլա Աբու Ֆեյսալին հավաստիացրեց, որ ծրագրի ամբողջական իրականացման դեպքում Հայասատնում 200- 500 ընտանիք կապահովվեն աշխատանքով: Գործարարը նշեց, որ նախագիծը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը: Կողմերը քննարկեցին Հայաստանում ներդրումներ կատարելու և Հայրենիք-Սփյուռք գործարար կապերն առավել սերտացնելուն վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր