211652_close_icon
views-count1117 դիտում article-date 18:00 01-06-2015

Ֆինանսների նախարարությունում իրականացված ներքին աուդիտի արդյունքում բարելավվել է համակարգի ռիսկերի կառավարումը

Ֆինանսների նախարարության ներքին աուդիտի վարչությունն այն առանցքային ստորաբաժանումն է, որն աջակցում է նախարարին՝ կառույցում առկա ռիսկերի բացահայտման, գնահատման և կառավարման, ինչպես նաև հսկողության գործընթացների գնահատման գործում: Ներքին աուդիտի վարչության պետ Կարեն Սեդրակյանի խոսքով` 2015-ի ընթացքում վարչութան կողմից իրականացվել են մի շարք աշխատանքներ. «Կատարվել է տարեկան ծրագրով նախատեսված 8 աուդիտորական առաջադրանք, մասնավորապես պետական գնումների, հարկային տեսչությունների և մաքսատների կողմից իրականացվող գործընթացներում»: Ըստ Կարեն Սեդրակյանի, պետական գնումների համակարգում հաճախ հանդիպող ռիսկերից են գնման ընթացակարգի մասնակիցների կողմից ներկայացված հայտերի` ՀՀ օրենսդրությանը և հրավերի պահանջներին անհամապատասխանությունները: Ներքին աուդիտի վարչության պետի տեղեկացմամբ` աուդիտի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվում ինչպես հարկային տեսչությունների և բիզնեսի ճիշտ փոխհարաբերությունների կառուցման, այնպես էլ գործարար միջավայրի հետ աշխատանքների որակի բարձրացման հարցերին: Մասնավորապես հարկային ռեժիմի ճիշտ ընտրության նպատակով, ըստ հարկային մարմնի ներքին աուդիտի բաժնի պետ Ռաֆայել Գյուլասարյանի, վերլուծություններ են անցկացվել շրջանառության հարկի դաշտում աշխատող տնտեսվարող սուբյեկտների մոտ. «Արդյունքում 2015 թվականի մայիսին հայտնաբերվել է 9 փոխկապակցված տնտեսվարող, ովքեր օրենքի խախտմամբ տարիներ շարունակ չեն համարվել ավելացված արժեքի հարկ վճարող, ինչի հետևանքով պետության պատճառած վնասն ըստ նախնական հաշվարկների կազմել է 256 միլիոն դրամ»: Աուդիտի շրջանակում իրականացված ուսումնասիրություններով մի շարք տնտեսվարողների մոտ բացահայտվել են նաև հարկերի և փաստացի իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպքեր: Իսկ մաքսատներում ուսումնասիրությունների արդյունքում հաճախ հանդիպել են փաստացի ներկրված ապրանքների ոչ ճիշտ ձևակերպումներ` ըստ ԱՏԳ կոդերի: Բացի աուդիտորական աշխատանքներից, ըստ Կարեն Սեդրակյանի, վարչությունն իրականացրել է նաև նախարարության ծառայողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման, վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն, ծառայողական քննության նախապատրաստական աշխատանքների իրականացում. «2015-ին 21 դեպքով նյութեր են հավաքագրվել և ներկայացվել Ֆինանսների նախարարության հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովին: Իսկ ծառայողական քննության արդյունքում 30 հարկային և մաքսային ծառայողներ ենթարկվել են տարբեր տեսակի կարգապահական պատասխանատվության»: Վարչության կողմից իրականացվում է նաև Հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի կողմից ստացված դիմում-բողոքների ուսումնասիրություն, վերլուծությունների հիման վրա ստացված տեղեկատվության տեղայնացում ու հետագա ընթացքի ապահովմանն ուղղված համապատասխան միջոցառումների իրականացում: Այս տարվա ընթացքում ստացվել է այդպիսի 75 դիմում-բողոք: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր