1043 դիտում
18:25 27-05-2015
Մայրաքաղաքում նշվել է ֆիդայիների ոգեկոչման օրը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը: Ավանդաբար մայիսի 27-ին նշվող ոգեկոչման օրվա շրջանակում այս անգամ միջոցառում էր կազմակերպվել նաև Աջափնյակ վարչական շրջանում տեղադրված Գևորգ Չավուշի արձանի հարակից տարածքում: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը նշել է, որ յուրաքանչյուր տարի այս օրը Աշնակում մեծ տոնախմբությամբ նշվող ֆիդայիների տոնն այս տարի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով պայմանավորված, ավելի շատ ոգեկոչման արարողության է վերածվել:
«Պատահական չէ, որ մենք Գևորգ Չավուշի նահատակման օրը նշում ենք որպես ֆիդայիների ոգեկոչման օր, քանզի Գևորգ Չավուշը նահատակվեց, որ մենք ապրենք: Իր նահատակությամբ նա աշխարհին ու մեր ոխերիմ թշնամուն ապացուցեց, որ մենք ապրելու իրավունքի տեր ժողովուրդ ենք: Աշխարհի ոչ մի ժողովուրդ, իսկապես, այդքան երկար չի նայել մահվան աչքերի մեջ և այդքան համառորեն չի շարունակել ապրել: Այդ էր վկայում Սասունի և Տարոնի ողջ ֆիդայական փաղանգը, այդ է վկայում Գևորգ Չավուշի կենսագրությունը: Գևորգ Չավուշի նահատակությամբ հաստատվեց Արարատ լեռան սրբազան աչքի առաջ մեր ապրելու իրավունքը, ապրելու իրավունք՝ Հայաստանի Հանրապետության գոյությամբ, ազատագրված Արցախով, սքանչելի ու գեղեցկատես քաղաքամայր Երևանով: Ուրեմն ևս մեկ անգամ խոնարհվենք մեր ֆիդայության ոգու առջև ու շարունակենք հերոսաբար ապրել, քաղաքացիաբար հերոսանալ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովորդի, հանուն մեր կողքի հայի», - ընդգծել է Կամո Արեյանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը միջոցառման մասնակիցների հետ միասին ծաղիկներ է խոնարհել Գևորգ Չավուշի արձանին՝ հարգանքի տուրք մատուցելով ֆիդայապետի հիշատակին: Ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված միջոցառումն ուղեկցվել է ազգագրական երգ ու պարով:
Այնուհետ Երևանի քաղաքապետը ներկա է գտնվել նաև «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նոր գրասենյակի բացման արարողությանը: Միության նախագահ Կամո Արեյանի ուղեցությամբ Տարոն Մարգարյանը շրջել և ծանոթացել է գրասենյակի պայմաններին: