«Բորուսիան» 3:2 հաշվով հաղթեց «Վերդերին». Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակը
Դորտմունդի «Բորուսիան» հաղթական նոտայով ավարտեց Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնությունը՝ 3:2 հաշվով հաղթելով Բրեմենի «Վերդերին»:
Այս խաղում որոշվում էր Եվրոպայի լիգայի ուղեգրի հարցը: «Վերդերին» ուղեգիր նվաճելու համար անհրաժեշտ էր հաղթել, սակայն «Բորուսիան» բոլոր առումներով գերազանցեց մրցակցին: Արդեն առաջին խաղակեսում «Բորուսիան» հզոր հարձակողական խաղ ցուցադրեց և ընդմիջմանը հաղթում էր 3:1 հաշվով: Երրորդ գոլը դորտմունդցիների կազմում խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանը:
Առաջ անցնելով նշենք, որ Մխիթարյանը այս մրցաշրջանում դարձավ «Բորուսիայի» վերջին գոլի հեղինակը, նաև՝ հաղթական, քանի որ երկրորդ խաղակեսում «Վերդերը» կարողացավ կրճատել հաշիվը, սակայն ավելին չկարողացավ անել:
Այսպիսով, «Բորուսիան» հաղթեց և Բունդեսլիգայում գրավեց 7-րդ տեղը, որը Եվրոպայի լիգայի ուղեգիր ապահովեց: Սակայն դորտմունդցիները կարող են դեռ տիտղոս նվաճել, եթե Գերմանիայի Գավաթի եզրափակիչում հաղթեն «Վոլսֆբուրգին»:
Գերմանիայի առաջնություն, 34-րդ տուր
«Բորուսիա Դ.» - «Վերդեր»՝ 3:2
Կագավա` 15, Օբամեյանգ` 17, `Մխիթարյան` 42 – Օզտունալի` 26, Գաբրե Սելասիե` 85