4077 դիտում
23:05 07-05-2015
Շամշյանի տեսանյութերը պարունակում են նաև ուսուցողական տարրեր. Վահե Ղազարյանը` «Սուր անկյուն» հաղորդման մասին
[url=http://life.panorama.am/hy]Life.panorama.am[/url]-ի զրուցակիցը «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանն է, ով մեզ հետ զրույցում ներկայացրեց իր վերլուծական հաղորդման նպատակները, պատմեց հաղորդման ընթացքում վեր հանած խնդիրների և դրանց լուծումների մասին, անդրադարձավ հանրության շրջանում հաղորդման վերաբերյալ քննադատություններին ու հաղորդաման հեռարձակման օրվա հետ կապված խնդիրներին և առաջ քաշեց լրագրության համար կարևոր սկզբունքները, որոնք, ըստ նրա, պետք է գործածի յուրաքանչյուր լրատվամիջոց:
[b]-Պարոն Ղազարյան, «Սուր անկյուն» հաղորդումը բարձրաձայնում է տարբեր խնդիրների մասին, արդյոք իսկապես փոփոխություններ լինո՞ւմ են այն խնդրահարույց ոլորտներում, որոնց անդրադառնում եք:[/b]
-Խնդրահարույց ոլորտ չկա: Կան բարդ խնդիրներ, ապօրինություններ, չարաշահումներ, մարդու և համայնքների իրավունքների խախտումներ, որոնց մենք անդրադառնում ենք: Դատելով պատկան մարմինների օպերատիվ արձագանքից և մեր բարձրացրած հարցերի ուղղությամբ տարվող աշխատանքներից, կարելի է եզրակացնել, որ դրական տեղաշարժեր, իրոք, լինում են: Ասենք, երկուշաբթի օրերին քաղաքապետարանում անցկացվող խորհրդակցությունների ժամանակ պարտադիր քննարկման է դրվում նախորդ օրը «Սուր անկյունով» իրենց հասցեին արված քննադատությունը և տրվում համապատասխան հանձնարարական: Թարմ օրինակ. մայիսի 3-ի թողարկմանը խոսեցինք քաղաքային տրանսպորտի` հատկապես երեկոյան ժամերին անկանոն աշխատանքի մասին, հաջորդ օրը քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարական իջեցրեց`խիստ հսկողության տակ պահել այդ հարցը:
[b]- Հետաքրքիր է՝ «Սուր անկյուն» հաղորդման նպատակները, որոնք դրվել են ի սկզբանե, դեռ այն սկսելուց առաջ, իրականացվա՞ծ համարում եք:[/b]
-Ի սկզբանե նպատակ էինք դրել նպաստել քաղաքացիական հասարակության և իրավական պետության կայացմանը: Հաղորդման մեծ մասը նվիրված է հենց իրավունքների պաշտպանությանը: Մեր հեռուստադիտողների գործուն աջակցությամբ հնարավոր է արդյունավետ աշխատանք տանել այդ նպատակների ուղղությամբ: Բացի դրանից, լայն անդրադարձ ենք կատարում սոցիալական խնդիրներին, քանի որ համոզված ենք, որ քաղաքացիական հասարակության կայացումը ուղիղ համեմատական է ժողովրդի բարեկեցության մակարդակին: Մեր անդրադարձների արդյունքում, մոտ երկու տասնյակ ընտանիք տանիք ունեցավ, շատերը ապահովվեցին աշխատանքով և վերականգնեցին հավատը մարդկային բարության նկատմամբ:
[b]-Հասարակության շրջանում դրական վերաբերմունքի կողքին կան նաև քննադատություն: Քննադատությունների մի մեծ հատվածը հիմնականում վերաբերվում է հաղորդման երկրորդ հատվածում ցուցադրվող դժբախտ պատահարներին,վթարներին և մեկնաբանություններին, որոնք ուղեկցում են դժբախտ պատահարի մասին պատմող ռեպորտաժին: Որքանով է նպատակահարմար նման քանի բացասական ինֆորմացիա հեռարձակել եթերով, մասնագետների հետ խորհրդակցե՞լ եք:[/b]
Քննադատությունների առատությանը չենք հանդիպել, այդուհանդերձ, դրանք կան: Ու դա բնական է և ողջունելի: Հարցն այն է, որ ցուցադրում ենք իրականությունը, ինչպիսին որ կա, նրա բոլոր սուր կողմերով, ինչը խորթ է նախկին մտածողությամբ առաջնորդվողների համար: Երկաթյա վարագույրների դարաշրջանում իրականության վերաբերյալ շատ դեպքերում կեղծ և լղոզված տեղեկատվություն էր տրվում: Խոսքի և մամուլի ազատությունը պարտադրում է իրերը կոչել իրենց անուններով ու դա մեր անկախության կարևոր ձեռքբերումներից մեկն է: Ինչ վերաբերվում է վթարների մասին տեսանյութերին և այնտեղ հնչող մեկնաբանություններին, ապա դրանք ամբողջովին տեղավորվում են օպերատիվ և ճշգրիտ լրատվության էթիկայի շրջանակներում: Կարծում եմ նաև, որ տեղեկատվությունը չի լինում բացասական կամ դրական` տեղեկատվությունը լինում է օբյեկտիվ կամ կեղծ: Փորձառությամբ և վստահությամբ ժամանակի ընթացքում ձեռք բերված միջոցներով հնարավորություն ունենք օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու, ինչը հանրությունից թաքցնելը ազատ լրագրողին վայել չէ, ուստի նպատակահարմարության խնդիր լինել չի կարող: Ցանկացած հաղորդում պատրաստելիս, թեմաները համակողմանիորեն քննարկում ենք թե թիմում ընդգրկված, թե անկախ մասնագետների հետ: Այդ քննարկումները թույլ են տալիս խնդիրը բացել ամբողջությամբ, որպեսզի այն ընկալելի լինի հանրության մեծամասնության համար:
[b]-Շատերը մի ամբողջ շաբաթ սպասում են «Սուր անկյուն» հաղորդմանը, բայց միաժամանակ Ձեր հաղորդմանը հետևողներից շատերի կարծիքով կիրակի երեկոյան հասարակության խնդիրների մասին լսելով և այդքան վթարներ տեսնելով շաբաթը սկսում են ծանր ապրումներով: Միաժամանակ արտերկրում հանգստյան օրերին ավելի թեթև և հումորային հաղորդումներ են հեռարձակվում մարդկանց շաբաթվա ծանր օրերից թոթափելու համար: Այս առումով հետաքրքիր է Ձեր կարծիքը:[/b]
-Շամշյանի տեսանյութերը պարունակում են նաև ուսուցողական տարրեր: Հուսով ենք, դրանք նպաստում են ՃՏՊ-ների, հանցագործությունների և արատավոր այլ երևույթերի նվազեցմանը: Այդ ամենը պատկերավոր ցուցադրելը շատ ավելի տպավորիչ է: Կիրակի օրը «Սուր անկյունը» հեռարձակելը կայացվել է տևական քննարկումներից հետո: Նախ, ծանր ապրումները թույլ են տալիս մարդուն բերել սահմանային հոգեվիճակի, մաքրել նրա մեջ կուտակված մաղձը, սեփական ուժերի նկատմամբ անվստահությունը և մղել նախաձեռնությունների: Եվ հետո, ծանր տեսանյութերն ազնվացնող, անկեղծացնող, մաքրագործող ազդեցություն են ունենում լսարանի վրա` կատարսիսի նմանությամբ: Հետևաբար կարծում եմ մեր հեռուստադիտողը երկուշաբթին սկսում է լավատեսությամբ, սեփական ուժերի և վաղվա օրվա նկատմամբ հավատով: Ինչ վերաբերում է Ձեր նշած արտերկրյա օրինակներին, ապա կարծում եմ, որ աշխարհն այնքան բազմաբղետ է, որ հեռուստացանցերի կազմման ընդհանուր չափանիշ և էտալոն չկա: Այնպես որ կիրակի օրը մեր հաղորդման հեռարձակումը ունենում միայն դրական և առողջացնող ազդեցություն:
[b]- Պարոն Ղազարյան, Ձեր հաղորդման ձևաչափը այնպիսին է, որի շրջանակներում ներկայացվում են հասարակության մեջ առկա խնդիրները, հետաքրքիր է Ձեր գնահատականը առհասարակ հայկական լրատվամիջոցների աշխատանքի վերաբերյալ, արդյոք հասարակությանը ներկայացվում է անկողմնակալ լրատվություն:[/b]
Գործընկերներիս նկատմամբ քննադատությունից ձեռնպահ կմնամ, սակայն նշեմ, որ անկողմնակալից բացի կարևոր է նաև ազնվությունը, պարկեշտությունը, հանրության առջև պատասխանատվության զգացումը և լրագրողի կոչմանը հավատարմությունը:
Նմանատիպ նյութեր
7689 դիտում
17:23 07-11-2019
«Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է IN-CLASS անգլերենի ուսուցողական տեսանյութերը Սմարթ հեռուստատեսության ֆիլմադարանում
76407 դիտում
22:25 28-09-2020
«Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդման հեղինակ և վարող Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Այս բաժնից
757 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
628 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
430 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը