211652_close_icon
views-count865 դիտում article-date 17:46 04-05-2015

Շինթույլտվություն տրամադրելուց առաջ տեղում համոզվեք, որ տվյալ տարածքները ծառապատ չեն. Տարոն Մարգարյան

Մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները: Զուգահեռ մեկնարկել են ոռոգման ցանցերի անցկացման և խորքային հորերի շինարարական աշխատանքները: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցությանը քաղաքապետը հանձնարարել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ՝ սահմանված ժամկետում աշխատանքներն ավարտելու և կանաչ տարածքների խնամքը պատշաճ կազմակերպելու նպատակով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է նախքան համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները աճուրդի ներկայացնելը, ինչպես նաև շինարարություն իրականացնելու նպատակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրումը, տվյալ տարածքներում կատարել ուսումնասիրություններ՝ բացառելու ծառապատ տարածքներում շինթույլտվության տրամադրումը: «Ամեն տարի ծառատունկերի շրջանակում մենք տասնյակ հազարավոր ծառեր ենք տնկում՝ մեր նախանշած ավելի կանաչ Երևանն ունենալու նպատակով: Բայց եթե մի կողմից պետք է ծառեր տնկենք, իսկ մյուս կողմից թույլ տանք ծառեր հատվեն, ապա մենք երբեք էլ չենք հասնի մեր նպատակին: Դրա համար խստորեն հետևեք, որ բացառվեն նման դեպքերը: Մինչ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներն աճուրդի դնելը կամ շինթույլտվություն տրամադրելը, անձամբ եղեք տվյալ տարածքներում և համոզվեք, որ դրանք ծառապատ չեն ու ծառ հատելու խնդիր չկա», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Անդրադառնալով հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող հսկողությանը՝ քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակել հատկապես երեկոյան ժամերին երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկման մշտադիտարկումները:

Նմանատիպ նյութեր