Կհարգի՞ արդյոք այդ հրավերը Օբաման, թե ոչ՝ հայտնի չէ. ՀԺ
«Երեկ նոր մանրամասներ հայտնի դարձան Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ կատարելիք առաջիկա այցի մասին,- գրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը:- Մասնավորապես, մեր տեղեկություններով, Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մայիսի 7-9-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում սպասվող միջոցառումներին մասնակցելու հրավեր ուղարկվել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Կհարգի՞ արդյոք այդ հրավերը Օբաման, թե ոչ՝ հայտնի չէ:
Նույն աղբյուրները նշում են, որ Սերժ Սարգսյանի այցի ընթացքում պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն: Իրականում, Սարգսյանը ԱՄՆ է մեկնում հիմնականում տեղի հայ համայնքի հետ հարաբերությունները հարթելու և որոշակի ֆինանսական հոսքեր ու ներդրումներ ապահովելու նպատակով:
Բանն այն է, որ ԱՄՆ հայ համայնքը, որն աշխարհում ամենամեծերից մեկն է համարվում, բավական բացասական վերաբերմունք ունի ՀՀ իշխանությունների հանդեպ, իսկ ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանին չի հաջողվում շտկել իրավիճակը» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։