7013 դիտում
12:58 30-04-2015
Մահացել է սպորտի վաստակավոր վարպետ, ծանրորդ, աշխարհի հնգակի ռեկորդակիր Վարդան Միլիտոսյանը
Մեծ կորուստ կրեց հայրենական սպորտը: Ծանր հիվանդությունից հետո երեկ ուշ երեկոյան իր մահկանացուն կնքեց ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ Վարդան Իշխանի Միլիտոսյանը:
Վարդան Միլիտոսյանը ծնվել է 1950 թ. հուլիսի 8-ին, Գյումրիում: Ծառայել է Խորհրդային բանակում, ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը:
Վարդան Միլիտոսյանը զինծառայության ժամանակ1964-ից մարզվել է ԽՍՀՄ անվանի ծանրորդ և մարզիչ Հակոբ Ֆարաջյանի գլխավորությամբ: Վարպետության դասերը լավ էր ընկալում շնորհալի մարզիկը: Նա շռնդալից հաղթանակներ է տոնել միջազգային ամենահեղինակավոր մրցաշարերում: ԽՍՀՄ հավաքականում, 75 կգ քաշային կարգի առաջատարը, դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր /1976 թ. /, աշխարհի հնգակի ռեկորդակիր, տասնյակ հաղթանակներ է տարել համամիութենական առաջնություններում և միջազգային պաշտոնական մրցաշարերում: Փաստորեն որոշակի տեղատվությունից հետո նրա շնորհիվ Հայաստանում վերսկսվեց ծանրամարտի վերելքը:
Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո /1980 թ. / մեծանուն վարպետը համալրեց հարազատ քաղաքի ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցի մարզիչների շարքը ու դարձավ հմուտ ուսուցիչ: Նա շատերին վարպետության դասեր տվեց: Իր հետքերով տարավ նաև եղբորորդուն` Իսրայել Միլիտոսյանին` նրան դարձնելով աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե /1988 թ./ և ոսկե /1992 թ. / դափնեկիր:
Երբեք չէր խոսում, չէր հիշատակում իր մեծ նվաճումների ու կատարած մարզական սխրանքների մասին, քանզի նա բարձր էր ու ցանկանում էր մշտապես բարձրացնել գործընկերներին: Ահա թե ինչու մարզադրոցի աշխատակազմը չափազանց բարի, ազնիվ, աշխատասեր ու մարդամոտ Վարդան Միլիտոսյանին 1996 թ. ընտրեց տնօրեն:
Վերջին տասնամյակում սոցիալ տնտեսական պայմաններից ելնելով նա ստիպված եղավ այլ աշխատանքի անցնել: Բայց մեծանուն ծանրորդը անդավաճան մնաց իր մարզաձևին ու հոգով, սրտով նրա հետ էր մինչև կյանքի վերջը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ծանր կորուստի առթիվ վշտակցում է հանգուցյալի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա վարպետությամբ հիացած մարզասերների մեծ բանակին, ընկերներին:
Վարդան Միլիտոսյանի հիշատակը միշտ վառ կմնա, քանզի նրա անունը ոսկե տառերով է գրված հայրենական ու համաշխարհային սպորտի պատմագրքում:
ՀԱՕԿ-ի լրատվության բաժին
Նմանատիպ նյութեր
2836 դիտում
20:44 03-10-2021
Ծանրորդ Վարազդատ Լալայանը` երիտասարդների Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր
1915 դիտում
17:24 15-08-2022
Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն և ռեկորդակիր
Այս բաժնից
1363 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
961 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար