211652_close_icon
views-count2890 դիտում article-date 16:14 24-04-2015

Աննախադեպ ջահերով երթ՝ Բուլղարիայի Վառնա քաղաքում. լուսանկարներ, տեսանյութ

Ապրիլի 23-ին Վառնայում սկսվեցին Հայոց ցեղասպանության 100-ամյակի բուն միջոցառումները: Երևանի ժամանակով ժամը 17:15-ին Վառնայի ս. Սարգիս եկեղեցում սկսվեց Մեծ եղեռնի զոհերի սրբադասման արարողության ուղիղ եթերով հեռարձակումը, որին հետևում էին տասյակ հայորդիներ: Ժամը 19:15-ին եկեղեցում հնչեցին 100 գուժկան զանգեր, որից հետո Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանը ներկաներին հակիրճ ներկայացրեց օրվա խորհուրդը: Երեկոյան ժամը 20:00-ին, Բուլղարիայի հայերի միության նախաձեռնությամբ եկեղեցու բակից սկսվեց ջահերով երթ, որը Բուլղարիայում առաջին անգամ է կատարվում և աննախադեպ երևույթ էր Բուլղարահայ համայնքի կյանքում: Երթի մասնակիցները 100 վառված ջահերով քայլեցին Վառնայի փողոցներով և հասան մինչև Հայոց ցեղասպանության հուշարձան, որը գտնվում է Վառնայի քաղաքապետարանի հարևանությամբ: Երթը առաջնորդում էին Վառնայի ս. Սարգիս հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը, Բուլղարիայի հայերի միության նախագահ Հարություն Հովսեփյանը և Բուլղար ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ հայր Գեորգին: Երթի ընթացքում մասնակիցները երգում էին շարականներ և հայրենասիրական երգեր: Երթի մասնակիցները մոտ մեկ ժամ անց հասան Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ: Այնտեղ Տեր Բարդուղիմեոսը հուզիչ խոսքով դիմեց ներկաներին և իր խոսքում կարևորեց այն փաստը, որ այսուհետև հայ ժողովրդի պայքարը կընթանա Հայոց ցեղասպանության Սուրբ Նահատակների բարեխոսությամբ և նրաց հովանու ներքո: «Մենք պետք է վստահ լինենք, որ թե այսօրվա ձեր մասնակցությամբ, թե հետագա մեր պայքարի միջոցով մենք կհասնենք այն բանին, որ մեր պահանջը հասնի հասցեատիրոջը և Թուրքիան գլուխ պիտի խոնարհի մեր առաջ ու ներողություն պիտի խնդրի: Սա ոչ թե ողորմության պայքար է, այլ պահանջատիրության:», իր խոսքում նշեց արժանապատիվ Տեր Հայրը: Նրա խոսքից հետո բոլոր մասնակիցները միասնական Հայր մեր աղոթք ասեցին, իսկ Վառնայի հայ համայնքի հոգևոր հովիվը օրհնեց երթի մասնակիցներին: Այնուհետև Վառնայի ՀՅԴ խմբի անդամները կատարեցին մի քանի հայրենասիրական երգեր, որին հետևեց Բուլղարիայի հայերի միության ներկայացուցիչ Ներսես Կետիկյանի խոսքը: Նա իր խոսքում նշեց, որ նման երթ Բուլղարիայում առաջին անգամ է կատարվում, ինչը աննախադեպ է բուլղարահայ համայնքում և այն դառնալու է ավանդական: «Մենք այսօր Հիշում և Պահանջում ենք: Հիշում ենք ոչ միայն մեր Սուրբ Նահատակներին և Ցեղասպանությունը, որ իրագործվեց Թուրքիայի կողմից, այլ նաև երախտագիտությամբ հիշում ենք բոլոր նրանց, ովքեր հայ ժողովրդի համար այդ ծանրագույն օրերին մեզ ձեռք մեկնեցին և օգնեցին, որոնց մեջ էր նաև Բուլղարիան և բուլղար ժողովուրդը:», իր խոսքում նշեց նա: Ներսես Կետիկյանը Բուլղարահայ համայնքի անունից իր հիասթափությունը հայտնեց ներկայիս Բուլղարիայի կառավարության վախկոտ քաղաքականությունից: «Քանի դեռ Բուլղարիայի կառավարությունը չի ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, չի կարող լինել քաղաքակիրթ աշխարհի լիարժեք մի մասնիկը: Եվրոպական Միության անդամ լինելը նշանակում է կիսել նրա արժեհամակարգը: Մինչդեռ ողջ Եվրոպան ճչում է Թուրքիայի երեսին, որպեսզի ընդունի Հայոց ցեղասպանությունը, Բուլղարիայի կառավարությունը պահպանում է քար լռություն և ամեն ինչ անում է, որպեսզի չնեղացնի իր հարավային հարևանին: Սա մեծ ամոթ է, որի հետևանքների կրողը եղբայրական բուլղար ժողովուրդն է, որի ազնիվ զավակները այս պահին մեր կողքին են:», իր խոսքում նշեց Բուլղարիայի հայերի միության ներկայացուցիչը: Երթին մասնակցում էին նաև բուլղար բարեկամներ, ովքեր իրենց համերաշխությունը հայտնեցին հայ ժողովրդին և նշեցին, որ ամոթ են զգում այն փաստից, որ Բուլղարիան տակավին չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Միջոցառման ավարտից հետո հայ երիտասարդներն ու պատանիները վերադարձան Հայկական եկեղեցի, ուր ամբողջ գիշեր պատվո պահակ կանգնեցին եկեղեցու բակում գտնվող Մեծ եղեռնի հուշարձանի մոտ: Ջահերով երթը հնարավոր դարձավ Բուլղարիայի հայերի միության նախագահ Հարություն Հովսեփյանի, ինչպես նաև Հայաստանում ԲՀՄ պատասխանատու Երեմ Հովսեփյանի նյութական և անմիջական գործուն աջակցությամբ: Նշենք, որ Վառնայի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանը, որը ամբողջությամբ պատրաստված է Հայաստանում, կանգնեցվել է 2005 թվականին, Երեմ և Հարություն Հովսեփյաններ եղբայրների անձնական միջոցներով և ջանքերով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր