Deutsche Welle. Մերկելը կողմ է «ցեղասպանություն» բառի կիրառմանը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների և տեղահանումների մասին խոսելիս «ցեղասպանություն» բառի գործածմանը, տեղեկացնում է Deutsche Welle-ի ռուսական խմբագրությունը:
Գերմանական կառավարության ղեկավարը, սակայն, անհանգստացած է, որ Բեռլինի՝ եզրը գործածելը կարող է բացասաբար ազդել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, այս մասին ապրիլի 21-ին հայտարարել է Մերկելը: Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ)/Քրիստոնեա-սոցիալական միություն (ՔՍՄ) և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների դաշինքը ծրագրում է Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին ընդունել բանաձև, որում ասվում է. «Ձեր ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացումների, էթնիկ զտումների, հետապնդումների, նույնիսկ ցեղասպանությունների օրինակ է, որով սարսափելի կերպով հատկանշվում է 20-րդ դարը»:
«Այդպիսով, իշխող կոալիցիան կապում է հայերի ճակատագիրն ու ցեղասպանություն հասկացությունը, ընդ որում՝ այդ եզրով ուղղակիորեն չբնութագրելով 100 տարի առաջ տեղի ունեցած սպանությունները»,- եզրակացնում է կայքը: