211652_close_icon
views-count922 դիտում article-date 20:10 22-04-2015

Թուրքիայի կողմից Ցեղասպանության մերժումը չի խոչընդոտել, որ բազմաթիվ պետություններ և վերազգային կառույցներ ճանաչեն և դատապարտեն այն. Հովհաննես Մանուկյան

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ողջույնի խոսքը՝ «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» թեմայով գիտաժողովի ժամանակ. «Գիտաժողովի հարգելի մասնակիցներ, հարգելի հյուրեր, Օսմանյան կայսրության կողմից մեկ դար առաջ իրականացված ոճրագործութունն այսօր ևս շարունակում է մնալ ցեղասպանությունների համար պատասխանատվության անխուսափելիության ապահովման և դրանով իսկ մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորագույն խնդիր: Ուստի և մեր գիտաժողովի թեման կարևորվում է ինչպես հայ ժողովրդի դեմ կատարված մեծագույն ոճրագործության իրավական գնահատականի և համապատասխան պատասխանատվության ապահովման անհրաժեշտության տեսանկյունից, այլ նաև այն ցավալի իրադարձությունների ենթատեքստում, որոնք զարգանում են մեկ դար անց՝ արդեն մեր օրերում, նույն Միջին Արևելքում: Միաժամանակ, ես կցանկանայի կարևորել այս միջոցառումը նաև այլ տեսանկյունից. գիտաժողովում ցեղասպանությունների և մասնավորապես Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների քննարկումը կընթանա իրավունքի դիրքերից, միջազգային իրավական կոնտեքստում: Հայոց ցեղասպանությունը բազմաթիվ գիտական ֆորումների և հետազոտությունների առարկա է հանդիսացել, որոնք, որպես կանոն, պատմագիտական կամ քաղաքագիտական բնույթի են եղել: Այսօր և վաղը մենք փորձելու ենք դիտարկել հիմնահարցերը զուտ միջազգային իրավական տեսանկյունից, ինչն անկասկած կհաղորդի նոր որակ և նոր ազդակ Հայոց ցեղասպանության իրավական որակման, միջազգային ճանաչման և ոճրագործության համար պատասխանատվության ապահովման շարունակական գործընթացին: Եվ սա պատահական չէ: Վերջին շրջանում Հայոց ցեղասպանությանն առնչվող քննարկումների ընթացքում հատուկ է շեշտվում հիմնահարցին իրավունքի դիրքերից անդրադառնալու և խնդրի վերաբերյալ ամբողջական միջազգային իրավական դիրքորոշում մշակելու անհրաժեշտությունը: Ավելին, 2015 թ. հունվարի 29-ին ընդունված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի 6-րդ կետում արձանագրված է Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը` Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակվում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ: Այս հիմնարար խնդրի լուծումը, անշուշտ, պահանջում է ծավալուն և համակարգված աշխատանք, որի ընթացքում պետք է սթափ գնահատվեն առկա իրավական և փաստացի հնարավորությունները, հաշվի առնվեն ժամանակակից միջազգային իրավական-քաղաքական իրողությունները, իսկ գործողությունների և քայլերի հետագա ընթացքը պետք է նախագծվի իրավիճակային զարգացման տարբեր հնարավոր սցենարներով: Կարևորելով ճանաչման և դատապարտման պահանջի իրավական դիրքորոշման հստակեցման խնդիրը, պետք է ընդգծել, որ դրա ձևակերպումը պետք է զուգորդվի Հայոց ցեղասպանության ճանաչմանը և հետևանքների հաղթահարմանն ուղված ջանքերով քաղաքական, դիվանագիտական, մշակութային, հոգևոր և որ ոչ պակաս կարևոր է՝ ժողովրդական դիվանագիտության ոլորտներում: Ի դեպ, մեր պահանջի իրավական ձևակերպման տեսանկյունից անհրաժեշտ և հույժ կարևոր է հենվել ոչ միայն 1915 թվականի մասսայական բնաջնջման և տեղահանման պատմական փաստերի վրա, այլև 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը հիմնավորող իրադարձությունների և փաստական հանգամանքների վրա: Հայոց ցեղասպանության ժխտողականության և հերքման փորձերը կազմում են Թուրքիայի պետական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը` հաճախ զուգորդվելով հայատյացության, անհանդուրժողականության, ազգային հողի վրա ատելության և անգամ բռնության դրսևորմներով։ Դրանից ելնելով մենք համոզված ենք, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և ցեղասպանության հանցագործության հանրային հերքումները կամ արդարացման փորձերը որևէ կերպ պետք է որակվեն որպես օրենքով պատժելի գործողություններ։ Եվ այդ գործնթացում անընդունելի պետք է համարել «երկակի ստանդարտների» և «տարբերակված մոտեցումների» որդեգրման ցանկացած փորձ: Ինչպես նշեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը 2015թ. ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ` «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-ամյակը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արյունահոսի»: Նման հիշատակի բացակայության, և որպես դրա հետևանք Հայոց ցեղասպանության, Մեծ Եղեռնի մինչ օրս անպատիժ մնալու փաստի հետևանք է նաև այսօր Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերվող հակահայկական կեցվածքը և միջպետական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների առաջադրումը: Թուրքիայի կողմից ցեղասպանության մերժումը չի խոչընդոտել, որպեսզի բազմաթիվ պետություններ և վերազգային կառույցներ ճանաչեն հայ ժողովրդի նկատմամբ իրագործած ցեղասպանությունը և դատապարտեն այն` որպես մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկը: Նման ճանաչման ամեն մի որոշում յուրօրինակ դրվագ է վերջին տարիներին ամբողջ աշխարհում հանուն պատմական ճշմարտության և արդարության ընթացող պայքարի: Այդ որոշումները պատասխան են Թուրքիայի ժխտողական դիրքորորշմանը և ապացույց այն բանի, որ, չնայած վերջինիս կողմից կիրառվող քաղաքական, տնտեսական և քարոզչական ճնշումներին, պատմական ճշմարտությունը և իրավական հստակ գնահատականը անշեղորեն իրենց ուղին հարթում են անգամ երբեմն ծայրահեղ պրագմատիզմ դավանող ժամանակակից աշխարհում: Համոզված լինելով, որ մեր գիտաժողովը ի զորու է և անպայման կհանդիսանա այդ գործընթացի կարևոր բաղադրյալ և գործոն, ես մաղթում եմ բոլորիս բեղմնավոր և արդյունավետ աշխատանք: Շնորհակալություն»:

Նմանատիպ նյութեր