Ստամբուլ-Երևան չարթերային չվերթը չեղյալ է հայտարարվել, քանի որ ՀՀ ԱԳՆ-ն չվերթի համար ժամ չի տրամադրել. ՉԻ
«Թուրքական կողմն ապրիլի 24-ին նախանշված Ստամբուլ-Երևան չարթերային չվերթը չեղյալ է հայտարարել, քանի որ Հայաստանի ԱԳՆ-ն այդ չվերթի համար ժամ չի տրամադրել:
Այս մասին ասաց «Բագրատ տուր» գործակալության տնօրեն Բագրատ Նավոյանը: Նրա տեղեկացմամբ՝ ինքնաթիռը, որով այդ օրը պետք է Երևան ժամաներ Հրանտ Դինքի կինը՝ ընտանիքի և 50 այլ անձանց հետ, նույն օրն էլ պետք է վերադառնար Ստամբուլ: Մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ չարթերային թռիչքն արգելել է թուրքական կողմը:
«Ես տեղեկություններ ունեմ, որ իրենք չարթերային թռիչքի համար ժամ են խնդրել, սակայն քանի որ մեր արտգործնախարարությունը ժամ չի տրամադրել, չվերթը չեղյալ է հայտարարվել: Ընդ որում, չարթերային այդ թռիչքի ուղևորները հայեր էին, այդ թռիչքը կազմակերպել էր Հրանտ Դինքի կինը՝ Ռաքել Դինքը: Թռիչքը պետք է կայանար ապրիլի 24-ի ցերեկը, նույն օրն էլ ինքնաթիռը պետք է վերադառնար Թուրքիա»,- պատմել է «Բագրատ տուր» տուրիստական գործակալության տնօրենը: Նա հույս է հայտնել, որ Դինքի ընտանիքը և վերոնշյալ մյուս անձինք Երևան-Ստամբուլ-Երևան չվերթով մեր երկիր կժամանեն այսօր երեկոյան՝ ժամը 23:00-ին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։