Աշխատանքային այց ՀՕՊ զորամաս եւ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ. լուսանկարներ
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ աշխատանքային այցով եղել է ՀՕՊ զորամասում եւ ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում:
Հանձնաժողովի անդամներ Թեւան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը, Արթուր Ստեփանյանը եւ Աբրահամ Մանուկյանը շրջել են զորամասում, ծանոթացել պայմաններին, ինչպես նաեւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել են նաեւ զորամասում առկա խնդիրները:
Այնուհետեւ հանձնաժողովի անդամներն Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում ծանոթացել են ինստիտուտի կառուցվածքին, ստեղծման պատմությանը, պայմաններին, ավիացիոն տեխնիկայի կիրառմանը եւ մասնագիտական որակի բարձրացմանն ուղղված քայլերին: Ինստիտուտի դասախոսական անձնակազմի հետ քննարկվել են ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել առկա խնդիրներին ու զարգացման հեռանկարներին:
Հանձնաժողովի անդամները նաեւ շրջայց են կատարել ինստիտուտի բաժիններով, եղել դասասենյակներում, գրադարանում, հատուկ մասնագիտացված եւ տեխնիկայով հագեցած լսարաններում, ծանոթացել ինստիտուտի առավելություններին:
Կորյուն Նահապետյանը վստահեցրել է, որ հանդիպման ընթացքում առաջ քաշված խնդիրների լուծման համար կկազմակերպվեն աշխատանքային խորհրդակցություններ: