211652_close_icon
views-count894 դիտում article-date 17:01 16-04-2015

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի հետ

Աշխատանքային կարճատեւ այցով Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Այցի ընթացքում խորհրդարանի նախագահը հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Գալուստ Սահակյանը, խոսելով երկու երկրների խորհրդարանների համագործակցության մասին, փաստել է, որ այժմ այն գտնվում է բարձր մակարդակի վրա եւ ժամանակն է նոր ծրագրերի իրականացման մասին մտածելու: ԱԺ նախագահը նշել է, որ ռուսական կողմի հետ համագործակցության բոլոր ոլորտներում արձանագրված հաջողությունները հիմք են հետագա համագործակցության համար: Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովին անձամբ մասնակցելու համար: Տիկին Մատվիենկոն փաստել է, որ, ելնելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակից, ռուս գործարարների մոտ աճում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարելու ցանկությունը. դրա վկայությունը ռուսական բազմաթիվ խոշոր ընկերությունների ներկայությունն է Հայաստանում: ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահը նշել է նաեւ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Ռուսաստանի Դաշնությունում այս օրերին իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ: Տիկին Մատվիենկոն իր խոր ցավակցությունն է հայտնել Գյումրիում իրականացված սպանդի առնչությամբ եւ նշել, որ հանցագործներն ազգություն չունեն, իսկ ռուս զինվորը կպատժվի օրենքի ողջ խստությամբ: ՀՀ Ազգային ժողովի նախագահը Վալենտինա Մատվիենկոյին հրավիրել է Հայաստան. հրավերն ընդունվել է: Կողմերը քննարկել են նաեւ հայ-ռուսական համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր եւ ձեռք բերել պայմանավորվածություններ:

Նմանատիպ նյութեր