Հայոց ցեղասպանությունը ճանաչելով՝ մենք այսօրվա Թուրքիային չենք պատժում. Եվրախորհրդարանը վաղվա նիստում կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը
«Հայոց ցեղաասպանության ճանաչմամբ մենք պատժում ենք 100 տարի առաջվա Թուրքիային, ոչ թե այսօրվա: Եթե նույնը բանը թուրքերի հետ տեղի ունեցած լիներ, նույն բանը մենք կանեինք թուրքերի համար»,- ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, այսօր այսպիսի հայտարարություն է կատարել Եվրախորհրդարանի փոխնախագահ Անտոնիո Տայանին` հիշեցնելով, որ վաղը` ապրիլի 15-ին Եվրախորհրդարանն իր լիագումար նիստում կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցով 2013-ի զեկույցը, որում կա հատված, որը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կոչ է անում ԵՄ անդամ երկրներին ճանաչել Ցեղասպանությունն ու խրախուսում է ԵՄ կառույցներին՝ նպաստել այդ գործընթացին»:
Նշենք, որ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» թեմայով քննարկումները տեղի կունենան լիագումար նիստի երկրորդ մասում: