Ծարավ աղբյուրի փողոցում կկառուցվի կրթական համալիր
Ապրիլի 14-ին գումարված արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի ավագանին քննարկել եւ հավանություն է տվել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/25 հասցեում կառուցել կրթական համալիր:
Համաձայն ծրագրի համալիրը ներառելու է հանրակրթական դպրոց, մանկապարտեզ, փակ լողավազան, սպորտային դահլիճ, մինի ֆուտբոլի համար նախատեսված հրապարակ: Համալիրը կունենա նաեւ փակ սառցադաշտ, ստորգետնյա ավտոկանգառ, ինչպես նաեւ բարեկարգ հանգստյան գոտի: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ավելի քան 236 աշխատատեղ։
Նկատի առնելով վերը նշվածը՝ ավագանին որոշել է Երեւանի քաղաքային համայնքի սեփականություն համարվող Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/25 հասցեում գտնվող հողամասը եւ շինությունները ուղղակի վաճառքի ձեւով օտարել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը: Համաձայն ծրագրի՝ ընկերության կողմից նախատեսվող ներդրման չափը նախնական կազմում է 49.3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։