Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի ժյուրին կգլխավորի Իզաբել Ռոսելինինին
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն՝ հղում անելով «The Deadline»-ին, Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել են, որ «Հատուկ հայացք» ծրագրի ժյուրին կգլխավորի դերասանուհի և ռեժիսոր Իզաբել Ռոսելինինին:
«Հատուկ հայացքը» իր նշանակությամբ երկրորդն է Կաննի կինոփառատոնում հիմնական մրցութային ծրագրից հետո: Այս ծրագրի մեջ մտնող 20 ֆիլմերի ցուցակը կհայտարարվի ապրիլի 20-ին:
Դրանից բացի, Ռոսելինին կմասնակցի իր մոր՝ Ինգրիդ Բերգմանի հիշատակը պատվելու արարողությանը, ով այս տարի դարձել է կինոփառատոնի դեմքը:
«Դասական Կանն» ծրագրում կցուցադրվի Սթիգ Բյորքմանի «Ինգրիդ Բերգմանն իր մասին» փաստագրական ֆիլմը, որը կներկայացնի Ռոսելինին:
Հիշեցնենք, որ այս տարվա Կաննի 68-րդ կինոփառատոնը կմեկնարկի մայիսի 13-ին և կավարտվի մայիսի 24-ին՝ երբ կհայտարարվեն հաղթողները: Հիմնական մրցութային ծրագրի ժյուրիի նախագահներն են Ջոէլ և Իտան Քոէնները: