211652_close_icon
views-count1519 դիտում article-date 13:29 08-04-2015

Սալոնիկում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներ

Ապրիլի 1-ից 6-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքի «Մեգարոն Մուսիկիս» համերգասրահում անցկացվեց Մանկական երգչախմբերի հինգերորդ փառատոնը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի նվիրված էր Հայաստանին: Որպես հատուկ հյուր` Հայաստանը փառատոնում ներկայացրեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը` Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ: Երգչախմբի մասնակցությունը փառատոնին նախաձեռնվել և համակազմակերպվել էր «Համազգային» հայ կրթական և մշակութային միության Սալոնիկի մասնաճյուղի և Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ապրիլի 3-ին կայացավ երգչախմբի համերգը, որին ներկա էին Հունաստանի խորհրդարանի անդամներ, նահանգապետարանի, Սալոնիկի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, Սալոնիկի հայ համայնքային կառույցների ղեկավարներ և անդամներ: Ներկայացվեցին Կոմիտասի, Դավիթ Հալաջյանի, Ստեփան Շաքարյանի, Երվանդ Երկանյանի, ինչպես նաև արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ: Ապրիլի 4-ին և 5-ին երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը վարպետաց դասեր անցկացեց փառատոնին մասնակից հունական երգչախմբերի հետ: Ապրիլի 6-ին կայացավ փառատոնի գալա-համերգը` մասնակից ութ երգչախմբերի մասնակցությամբ` Տիգրան Հեքեքյանի խմբավարությամբ: Համերգի ավարտին երգչախմբերի թվով 550 սաները կատարեցին Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի Երևան», Ստեփան Շաքարյանի «Մուշ», Սայ Միլերի «Let There Be Peace on Earth» ստեղծագործությունները: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կատարումները և մաեստրո Հեքեքյանի աշխատանքը բարձր գնահատանքի արժանացան հույն արվեստագետների և հանդիսատեսի կողմից: [img]/ups/images/0633190001428484353475189.jpg[/img]

Նմանատիպ նյութեր