JKA ARMENIA «Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ» նախագիծը ամփոփեց առաջին փուլը. ֆոտոշարք
Այսօր ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում տեղի ունեցավ նախարարության հաշմանդամ աշխատակիցների և հաշմանդամություն ունեցող այլ անձանց կարատեի ցուցադրական ելույթներ:
«Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծի շրջանակներում նախարարությունում կազմակերպվել էին հաշմանդամ աշխատակիցների և հաշմանդամություն ունեցող այլ անձանց կարատեի պարապմունքներ:
Հաշմանդամություն ունեցող մարդկանց ներառմանն ուղղված այս ծրագիրն իրականացնում էր JKA Armenia - Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիան` ՀՀ ՏԿԱԻ նախարարության և «Ունիսոն» ՀԿ աջակցությամբ:
Շուրջ մեկ ամիս տևած բացառիկ դասընթացի արդյունքում, ինչպիսին առաջին անգամ էր կազմակերպվում Հայաստանում, նախարարության սայլակավոր հաշմանդամ աշխատակիցները կարողացել էին տիրապետել ինքնապաշտպանության տարբեր հնարքների: Ցուցադրական ելույթից հետո նրանք ավարտական քննություն հանձնեցին և սենսեյների կողմից ստացան որակավորման վկայական:
Նախագծի կայացման գործում ներդրված մեծ ավանդի համար JKA Armenia - Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիան պատվոգրեր հանձնեց ՀՀ ՏԿԱԻ նախարարությանը, «Ունիսոն» ՀԿ-ին և նախագծին օժանդակող մի շարք հայտնի մարդկանց` երգչուհիներ Ա. Լևոնյանին և Ս. Ռուբենյանին, պարուհի Վ. Ալեքսանյանին: