211652_close_icon
views-count798 դիտում article-date 16:35 31-03-2015

ՀՀ մշակույթի նախարարի աշխատանքային այցը Լեհաստան. ստորագրվել են համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր

Մարտի 27-ից 30-ը աշխատանքային այցով Լեհաստանում էր գտնվում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Մարտի 28-ին տեղի ունեցավ աշխատանքային ճաշ Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարար Մալգոժատա Օմիլանովսկայի և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ, որին ներկա էր նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Քննարկվեց Լեհաստանի և Հայաստանի միջև մշակութային ոլորտում համագործակցության հարցերի լայն շրջանակ: Նույն օրը երկու պետությունների մշակութային գերատեսչությունների ղեկավարները Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանի համերգասրահում ներկա գտնվեցին Լյուդվիգ վան Բեթհովեն 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կազմակերպված Հայաստանի «ՀՈՎԵՐ» պետական կամերային երգչախմբի համերգին, որն անցկացվում էր Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո: Համերգին ներկա էին լեհ ականավոր կոմպոզիտոր և խմբավար Քշիշտոֆ Պենդերեցկին, որի մի քանի ստեղծագործություններ հնչեցին համերգի ընթացքում, ինչպես նաև դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ: Մարտի 29-ին Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հանդիպումը Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոնրադ Պավլիկի հետ, որին մասնակցում էր նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Հանդիպման ընթացքում Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոնրադ Պավլիկը ողջունեց ՀՀ մշակույթի նախարարի այցը Լեհաստան և շնորհակալություն հայտնեց հանդիպման համար: Փոխնախարարն իր խոսքում բարձր գնահատեց հայ-լեհական հարաբերությունները՝ ընդգծելով դրանց կարևորությունը Լեհաստանի համար: Կոնրադ Պավլիկը հատկապես կարևորեց մշակույթի ոլորտում համագործակցության մեծ դերը, որը հիմնվում է երկու ժողովուրդների մշակութային ընդհանրությունների վրա: Փոխնախարարն առանձնացրեց մի շարք մշակութային միջոցառումներ, որոնք հաջողությամբ իրականացվել են նախորդ տարիներին և դրական ազդեցություն են թողել երկու պետությունների հարաբերությունների ամրապնդման վրա: Փոխնախարարը կարևորեց Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի և Եվրոպական միության համագործակցությունը՝ նշելով Լեհաստանի հատուկ շահագրգռվածությունն իբրև այդ գործընթացի նախաձեռնության համահեղինակի: Իր հերթին Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար՝ կարևորելով Լեհաստանի հետ Հայաստանի հարաբերությունները և ընդգծելով մշակութային ոլորտում համագործակցության հաջողություններն ու հեռանկարները: Նախարար Պողոսյանը ներկայացրեց Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարի հետ ունեցած իր հանդիպման արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները: Հանդիպման ավարտին կողմերը ստորագրեցին Լեհաստանի կառավարության և ՀՀ կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում 2015–2018թթ. համագործակցության մասին գործնական ծրագրի ստորագրման վերաբերյալ Մտադրությունների մասին հայտարարությունը և նախաստորագրեցին Լեհաստանի կառավարության և ՀՀ կառավարության միջև մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում 2015-2018թթ. համագործակցության մասին գործնական ծրագիրը: Մարտի 29-ին Վարշավայի Ազգային Ֆիլհարմոնիայի համերգասրահում «Լյուդվիգ վան Բեթհովեն» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Վարշավայի Ազգային ֆիլարմոնիայի նվագախմբի համերգը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Համերգին ներկա էին Հասմիկ Պողոսյանը, Էդգար Ղազարյանը, Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկիվիչ-Վալցը, Լեհաստանի Նախագահի աշխատակազմի ղեկավար Յացեկ Միխալովսկին, լեհ պաշտոնյաներ, դիվանագետներ, մշակութային և քաղաքական գործիչներ: Համերգն անցկացվում էր Լեհաստանում ՀՀ և Իսպանիայի դեսպանությունների հովանու ներքո:

Նմանատիպ նյութեր